Ոստիկանության տարածած տեսանյութը, որում պատկերված է, թե ինչպես է ոստիկանության ներկայացուցիչը օգնում փողոցի բանուկ հատվածում կանգնած Ալեք Ենիգոմշյանին, կեղծիք է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Նախախորհրդարան» ազգային- քաղաքական նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը:
«Ոստիկանության կեղծիք համար 1-ը վերաբերում է այն բանին, որ ոստիկանությունն ապատեղեկատվություն է տարածել, որ իբր մենք ենք ասել, որ ոստիկանությունը ձերբակալել է Ալեք Ենիգոմշյանին, բայց մեր հայտարարության մեջ հստակ ասվում է, որ բերման է ենթարկվել մեքենայի վարորդը: Կեղծիք համար 2-ը վերաբերում է այն կադրերին, որը հրապարակել է ոստիկանությունը, որ Ալեք Ենիգոմշյանին մայթ ուղեկցել է ոստիկանության աշխատակիցը, սակայն որեւէ մեկը հստակ չի կարող ասել, որ դա ոստիկանության աշխատակիցն է, քանի որ նա քաղաքացիական հագուստով է: Եվ վերջապես կեղծիք համար 3՝ ոստիկանության տեսագրության մեջ երեւացող BMW մակնիշի մեքենան բերման ենթարկող մեքենան էր, եւ երբ այս մեքենայի միջից հնչում է բղավոցը, որն ասում է՝ ճանապարհն անցկացրա իրան, հստակ երեւում է, որ Ալեք Ենիգոմշյանը միայնակ, անօգնական կանգնած է փողոցի բանուկ մասում»,- ասաց Վարդան Հակոբյանը՝ ավելացնելով, որ, եթե ոստիկանությունը բարի գտնվի, ամբողջ ձայնագրությունը առանց մոնտաժելու կտրամադրի հանրությանը:
«Նախախորհրդարան» ազգային- քաղաքական նախաձեռնության անդամ Ալեք Ենիգոմշյան էլ հայտարարեց, որ ոստիկանության կողմից իրականացրածը քաղաքական ենթատեքստ ունի:
«Ես ասել եմ, որ սա անպատասխանատու, անբարոյական արարք է ոստիկանության կողմից առաջին հերթին հաշմանդամ մարդու հանդեպ, բայց նաեւ քրեական հանցագործություն: Սա քաղաքական ուղերձ է ինձ, իմ ընկերներին եւ հայ ազգի բոլոր պայքարողներին, եւ այս քայլը ներկա ռեժիմի կողմից մեզ վախեցնելու փորձ է»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը՝ ավելացնելով, որ ոստիկանությունը պետք է ներկայացնի չմոնտաժված տեսանյութը, որպեսզի ինքը համոզվի, որ իրեն ուղեկցողը եղել է ոստիկանության ներկայացուցիչը:
Նշենք, որ համաձայն «Նախախորհրդարան» նախաձեռնության տարածած հայտարարության, հոկտեմբերի 19-ին՝ ժամը 19:45 սահմաններում, «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթի ավարտից հետո Ալեք Ենիգոմշյանի հարեւան Վահրամ Գաբրիելյանի մեքենան, որում գտնվում էր Ալեք Եբիգոմշյանը, Երեւանի կենտրոնում կանգնեցրել են մի խումբ անձինք եւ, ներկայանալով որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ, կոպտորեն քաշքշելով Ալեք Ենիգոմշյանին դուրս են հանել ավտոմեքենայից, իսկ վարորդին՝ բերման ենթարկել։ Ըստ հաղորդագրությանը, չնայած Ալեք Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է, ոստիկանները նրան միայն եւ անօգնական թողել են փողոցի բանուկ հատվածում եւ հեռացել։ Որոշ ժամանակ անց պատահական անցորդներ մոտեցել են Ալեք Ենիգոմշյանին եւ դուրս բերել փողոցի բանուկ հատվածից: Ոստիկանության վարկածով, սակայն, հենց ոստիկաններից մեկն է Ենիգոմշյանին դուրս բերել բանուկ հատվածից եւ սպասել, մինչեւ նրան օգնության գան ընկերները։ «Նախախորհրդարանի» հաղորդագրությունից հետո ոստիկանությունը իր վարկածը ապացուցող տեսանյութ էր արածել։




























