Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի առաջին տեղակալ Կարեն Հարությունյանն աշխատանքից ազատվել է դեռեւս 3 օր առաջ: Այս մասին NEWS.am-ին ասաց հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Հարությունյանը:

«Կարեն Հարությունյանին ես եմ ազատել աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ մասով, այն է՝ վստահություն չներշնչելը: Սակայն Կարեն Հարությունյանը շարունակում է մեզ մոտ աշխատել՝ որպես բժիշկ»,- ասաց Լեւոն Հարությունյանը:

Թե կոնկրետ ինչ պատճառով է Կարեն Հարությունյանն աշխատանքից ազատվել, Լեւոն Հարությունյանը չցանկացավ ասել:

Մեր դիտարկմանը, թե ըստ մամուլի՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պահանջով է ազատվել Կարեն Հարությունյանը, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը չցանկացավ այդ մասին խոսել՝ նորից նշելով, թե ինքն է ազատել: Այլ հարցերի Լեւոն Հարությունյանը հրաժարվեց պատասխանել:

Նշենք, որ ըստ «Հայկական ժամանակ» թերթի՝ Սուրիկ Խաչատրյանը սկսել է պատժել այն մարդկանց, ովքեր իր պաշտոնանկության ընթացքում իր դեմ էին դուրս եկել: Մասնավորապես նման հրահանգ են ստացել Գորիսի հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Կարեն Հարությունյանը, Գորիսի կոմունալ տնտեսության պետի տեղակալ Սլավիկ Թունյանը, տեղի «Փարոս» սոցիալական ծառայության աշխատակից Սուրեն Բակունցը: Հարվածի տակ է նաև Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը: