Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանին Լեհաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու առաջարկը արվել է հանրապետության նախագահի կողմից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էդգար Ղազարյանը:
Նա նշեց, որ առաջին անգամ է անցնում դիվանագիտական աշխատանքի եւ տրամադրված է մեծ ոգեւորությամբ՝ սիրով աշխատելու եւ ծառայելու Հայաստանի Հանրապետությանը ու ժողովրդին: «Քանի որ դա իմ առաջին ծառայությունն է, դեռեւս տեխնիկական, կենցաղային, կազմակերպական հարցերը չեմ հստակեցրել, կարծում եմ՝ ժամանակ կլինի, ընթացքում բոլոր հարցերը կլուծվեն, ենթադրվում է, որ այո, ընտանիքիս հետ կմեկնեմ, որովհետեւ մշտական աշխատանք է»,-ասաց նա:
Թե երբ է նա մեկնելու նոր աշխատանքին, Էդգար Ղազարյանն ասաց, որ արտգործնախարարության իր վերադաս գործընկերները կհրահանգեն եւ կորոշեն օրը, ժամկետը: Իսկ թե ինչով է պայմանավորված մարզպետի պաշտոնից անցումը դիվանագիտական աշխատանքին, Էդգար Ղազարյանը չի կարող ասել. «Միայն կարող եմ ասել, որ շատ մեծ սիրով եւ ոգեւորությամբ եմ նախագահից ընդունել նոր աշխատանքի առաջարկը, անմիջապես տվել եմ իմ համաձայնությունը եւ սիրով պատրաստ եմ անցնել իմ պարտականությունների կատարմանը»,-ասաց նա:
Էդգար Ղազարյանը Վայոց Ձորի մարզպետ է աշխատել 2 տարի 4 ամիս եւ մեկ օր: Նա նշեց, որ այդ ընթացքում աշխատել է մեծ սիրով, դա եղել է շատ հոգեհարազատ աշխատանք: «Թե ով կլինի Վայոց ձորի մարզպետ, դա իմ իրավասությունների հարց չէ, դա կորոշի քաղաքական առումով Հանրապետական կուսակցությունը, իսկ ֆորմալ առումով՝ Կառավարությունը»,-ասաց նա: Էդգար Ղազարյանի կողմից որեւէ թեկնածուի առաջարկ չի արվել, քանի որ նա այդ հարցը համարում է իր իրավասություններից դուրս:




























