Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը չի վախենում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վրեժից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Յուրա Սաֆարյանը:
Արդյոք նրա կողմից որեւէ վրեժխնդրության քայլ նկատել է, թե ոչ, «Լսածով՝ այո, բայց ինքը ինձ հետ չի խոսել, ոչ էլ կարող է ինձ սպառնալ, ինքը շատ-շատ կարող է իր թիկնապահին սովորեցնել, որ ինձ վրա բողոք ներկայացնի, իբր իրեն ուզեցել եմ ընտրակաշառքով հրապուրել, որը հերքվել է Հատուկ քննչական ծառայություններում: Իսկ ինքը, որ կանգնի ու ասի, թե քեզ վախեցնում եմ, դա հաստատ չի կարող անել: Ես էլ Գորիսի քաղաքացի եմ, ես էլ իմ իրավունքներն ու պարտականությունները ունեմ, ես էլ իմ շրջապատը ունեմ, որը նորմալ, կարգին, անկաշառ, անվախ մարդիկ են, ոչ մեկի սադրանքից չեմ վախենում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է մարզպետի սեւ ցուցակում հայտնվելուն, ռեկտորը կատակեց, որ ինքն էլ իր սեւ ցուցակը կարող է կազմել եւ իրեն մտցնել մեջը: Յուրա Սաֆարյանն ասաց, որ սեւ ցուցակը մասնավոր բան է, պետական մարմիններում նման բան չի թույլատրվում եւ եթե նման բան կա, ապա դրան հասնում է քրեական պատասխանատվություն. ըստ այդմ՝ եթե նման ցուցակ կա, նա խնդրում է իրավապահներին հետաքրքրվել եւ պատժել համապատասխան անձանց նման ցուցակ կազմելու համար:
Ռեկտորը շեշտեց, որ ինքը դեմ է եղել Սուրիկ Խաչատրյանի նշանակմանը եւ հիմա էլ է դեմ, «իրեն չի կարելի նման պաշտոնների նշանակել»:
Նշենք, որ «Հայկական ժամանակ» թերթը գրել է, թե Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վորանշանակելուց հետո կանխատեսվում էր, որ նա պատժելու է բոլոր այն մարդկանց, ովքեր իր պաշտոնանկության ընթացքում իր դեմ էին դուրս եկել։ Ինքը՝ Խաչատրյանը, չէր էլ թաքցնում, որ «սեւ ցուցակ» ունի։ Եվ ահա Լիսկան գործի է անցել։ «Հարվածի տակ է նաեւ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը, ով Բուդաղյանների դատի օրերին դատարանի բակում եւ ընդհանրապես մամուլում քննադատական հայտարարություններ էր անում Լիսկայի դեմ եւ ասում, որ նրա վերանշանակումն անթույլատրելի է»,-գրել է թերթը:




























