Չարբախի ոստիկանապետի նախկին տեղակալ, «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի գործ ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը: Գործը գտնվում է ՀՔԾ քննիչ Ռաֆայել Գեւորգյանի վարույթում:

Մեր տեղեկություններով՝ գործի շրջանակներում ձերբակալված է նաեւ Դոգի ընկեր, նախկին ոստիկան Արթուր Մարգարյանը: Վաղը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կքննվի նրանց նկատմամբ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը: 

Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի՝ շորթման հատկանիշներով հարուցված գործի շրջանակներում բերման էր ենթարկվել նաեւ Վարդան Ղուկասյանի հետ կապվող nrnak.com լրատվական կայքի խմբագիր Հովհաննես Եսայանը, ում նկատմամբ խափանման  միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում հոկտեմբերի 21-ին, ձերբակալվել է Չարբախի ոստիկանապետի նախկին տեղակալ, «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը: Մեր տեղեկություններով՝ նրան ոստիկանությունից հեռացնելը կապված էր մի շարք աղմկահարույց պատմությունների հետ: Ավելին, նրա գործունեության վերաբերյալ հարուցված է քրեական գործ ՔՕ-ի 182-րդ հոդվածի հատկանիշներով (շորթում):

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը աշխատանքից հեռացվել էր Հյուսիսային պողոտայում «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանի հետ ունեցած միջադեպի պատճառով: Դոգը հրել եւ վիրավորել էր լրագրողին, որից հետո մեծ աղմուկ էր բարձրացել: Այնուհետեւ նա նշանակվել էր Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Վարդան Ղուկասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ոստիկանությունից: