Երեւանի թիվ 27 դպրոցի նախկին տնօրեն, պետական յուրացումներ կատարելու համար 2013թ. դեկտեմբերի 26-ին մեղավոր ճանաչված եւ համաներմամբ ազատ արձակված Սուսաննա Սարգսյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու է դատապարտված տնօրենն ամեն ինչ անում՝ նորից նախկին պաշտոնին վերադառնալու համար:

Տիկին Բախշյան, օգոստոսի 1-ին Երեւանի «Դերենիկ Դեմիրճյանի անվան հ.27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացված մրցույթը չեղյալ հայտարարվեց: Արդյոք նոր մրցո՞ւյթ տեղի է ունեցել, ինչո՞ւ նախորդը չեղյալ հայտարարվեց:

Օգոստոսի 1-ին մրցույթը կայացավ, որին որպես հավակնորդ, մասնակցել է նաեւ նախկին տնօրենը, որի  դատվածության ժամկետը  մարված է  համարվելու 2015թ. հունիսի 26-ին: Բայց քանի որ տնօրենի մրցույթի գործող կարգում չի պահանջվում փաստաթուղթ այն մասին, որ ինքը դատապարտված չէ  կամ դատվածության մարման մասին փաստաթուղթ չի պահանջվում,  այդ պատճառով խորհրդի նախագահը հիմնավորեց, որ քանի որ  գործող  կարգը չի պահանջում, հետեւաբար ինքն էլ չի կարող նման փաստաթուղթ պահանջել: Ինքս այդ ժամանակ բարձրաձայնեցի, որ օրենքով մարդը կարող է հավակնել տնօրենի պաշտոնին, եթե իր դատվածության  ժամկետը մարվել է: Ստացվում է, որ հաջորդ տարվա կեսերից հետո միայն նա կարող է դիմել մրցույթին մասնակցելու համար: Այդ ժամանակ ինձ չլսեցին, մրցույթը եղավ, որին ես էլ եմ ներկա եղել, քվեարկություն տեղի ունեցավ եւ այդ կինը 4 ձայն ստացավ: Կարգն ասում է, որ առնվազն հինգ ձայն պետք է ստանա: Նախարարության ներկայացուցիչն ասաց, որ պետք է արձանագրենք, որ մրցույթը կայացավ, բայց  տնօրեն չի ընտրվել: Ես դրանից հետո դուրս եկա, հետո արդեն դպրոցի խորհուրդը հայտարարել է, թե Սուսաննա Սարգսյանն է ընտրվել տնօրեն:

Ինչպե՞ս դա ստացվեց:

Այնպես, ինչպես մեր երկրում շատ-շատ բաներ՝ անարդարություններ, օրինազանցություններ և անպայման կառավարման խորհրդի անգրագիտությունը: Նշեմ, որ խորհրդի կազմի մեջ մտնող  քաղաքապետարանի ներկայացուցիչը նույն օրը  քաղաքապետին գրավոր հայտնել է, որ քանի որ Սուսաննա Սարգսյանի  դատվածության  ժամկետը չի մարվել, ապա իրավունք չուներ մասնակցել մրցույթին: Տարոն Մարգարյանն էլ իր հերթին դիմել է  նախարար Արմեն Աշոտյանին: Այսպիսով որոշում կայացվեց, որ չեղյալ պետք է համարել մրցույթը:

Տիկին Բախշյան, այստեղ կարգի բացթողում կա՞:

Իհարկե, միանշանակ, կարգում պետք է հստակ լինի, որ դիմորդը պարտավոր է ներկայացնել փաստաթուղթ դատվածություն չունենալու մասին: Այսպիսի փաստաթուղթ պահանջվում է միայն հավաստագրման համար վերապատրաստումն անցնելուց առաջ: Այս դեպքում Սուսաննա Սարգսյանը դատապարտվելուց առաջ ստացել է հավաստագիր, իսկ դատապարտվելուց հետո նախկին հավաստագրով արդեն նորից մասնակցում է մրցույթին: Այնպես որ կարգում պետք է փոփոխություն լինի, դա պարտադիր է:

Առաջին մրցույթից 3 ամիս է անցել: Նոր մրցույթը ե՞րբ է հայտարարվել:

Տարոն Մարգարյանն օգոստոսի 24-ին չեղյալ համարեց մրցույթը: Քաղաքապետի այս որոշումը Սուսաննա Սարգայանը անվավեր ճանաչելու պահանջով դիմել է ՀՀ Վարչական դատարան եւ սեպտեմբերի 12-ին դատարանը վարույթ է ընդունել: Այսպիսով, եթե գործը վարույթ է ընդունվել, ապա մրցույթը կասեցվում է: Մրցույթ չի լինելու, մինչեւ որ դատարանը չքննի այս գործը: Հարց է առաջանում՝ տնօրենը, որը դատարանում ընդունել է մեղքը, այլ մարդկանց անուններով դուրս գրված պետբյուջեից յուրացված գումարը վերականգնել է, իսկ յուրացրած այլ գումարներով էլ խոհանոցի ու բաղնիքի կահույք, արդուկ, մսաղաց է գնել «դպրոցի համար», առյուծի սի՞րտ է կերել, որ քաղաքապետի օրինական որոշումը վիճարկում է դատարանում:

Կարծում եք՝ հովանավո՞ր ունի Սուսաննա Սարգսյանը, որ ամեն կերպ փորձում է վերադառնալ նախկին պաշտոնին:

Սուսաննա Սարգսյանին իհարկե հովանավորում է քույրը՝ քաղաքապետարանի կադրային վարչության պետը, ով փաստորեն, չվախենալով  կորցնել իր աշխատանքը, այս  հայցով քաղաքապետին ընդդեմ քայլ է անում: Իհարկե, փաստը շատ կասկածելի է  և քանի դեռ նա շարունակում է քաղաքապետարանում  աշխատել, ուրեմն չեմ բացառում, որ Սուսաննա Սարգսյանը դատարան դիմելը  քրոջ միջոցով  համաձայնեցրել է քաղաքապետի հետ: Ընդամենը կարող եմ ենթադրել, որ քաղաքապետը չի ուզում նեղացնել իր աշխատողին, թե ինչու, չեմ կարող ասել, չնայած նա հաստատ քաղաքապետի պատվի հետ է խաղում: Մնում է ենթադրել, որ եթե Սուսաննա Սարգսյանը կարողանում է քաղաքապետի օրինական որոշումը վիճարկել դատարանում, ապա դա արվում է քաղաքապետի լուռ  համաձայնությամբ: Իսկ դատարան են դիմել, որ այնքան ձգձգեն գործը, որ դատվածության ժամկետը մարվի եւ նա նորից մասնակցի մրցույթին: Հակառակ դեպքում թող կանչեր Սուսաննա Սարգսյանի քրոջն ու ասեր՝ առյուծի սի՞րտ եք կերել, որ նման բան եք անում:

Կրթության եւ գիտության նախարարության աջակցությունը չկա՞:

Սուսաննա Սարգսյանը հաստատ նախարարության աջակցությունը չունի, նրան հովանավորում է միայն քաղաքապետարանը: Կարծում եմ , որ կա մեկը, ում իր  հեղինակության հաշվին Տարոն Մարգարյանը ցանկանում է հաճոյանալ:

Ըստ Ձեզ՝ ինչքանո՞վ է ճիշտ պետական յուրացումների համար դատապարտված տնօրենին աջակցել, նորից տնօրեն «դարձնել», հատկապես որ այս դեպքը կարող է օրինակ ծառայել մյուսների համար:

Մեր երկրում նման բաները շատ են լինում, Լիսկայի դեպքը չմոռանանք: Սրանք դեպքեր են, որոնք խոսում են իշխանության անբարոյականության մասին: Ւնչ վերաբերվում է Սուսաննա Սարգսյանին, ապա համը մնացել է բերանում եւ ցանկանում է նորից վերադառնալ, հատկապես որ հաշվապահը նրա կողմնակիցն է:

Սուսաննա Սարգսյանը պնդում է, որ անձնական խնդիր ունեք իր հետ:

Ի՞նչ կապ ունի անձնական խնդիրը: 2007 թվականին  ես  իսկապես հայտարարել եմ, որ ինձանից հետո որպես տնօրեն իրեն չեմ տեսնում: Սուսաննա Սարգսյանն իր հանցավոր քայլերով  ընդամենը հաստատեց իմ 2007թ.-ի միտքը: Եթե ասածս իր կարծիքով անձնական է, ապա ես շարունակում եմ ասել, որ այո, ես անձնական խնդիր ունեմ բոլոր նրանց հետո, ովքեր պետական բյուջեի նկատմամբ ոտնձգություն ունեն:

Ձեզնից հետո ի՞նչ դրական փոփոխություններ են եղել թիվ 27 դպրոցում:

Տնօրենի աշխատասենյակի ամբողջ կահույքը շքեղացել  է, միջանցքներում շքեղ վարագույրներ են, դասարանների  գույքը փոխվել է, ավելացել են էլեկտրոնային գրատախտակները, տեսախցիկներ կան ամենուր՝ միջանցքներում, դասասենյակներում, ուսուցչանոցում, որոնց համար բյուջեից տրամադրվել է 1,9 մլն դրամ: Այս հարցն էլ պետք է պարզել, թե ինչ  մանկավարժական նպատակով են տեղադրվել այս տեսախցիկները, որոնց պահանջն այսօր մեծ է ոստիկանությունում, քրեակատարողական հիմնարկներում, բայց ոչ՝ դպրոցում:

Ուսման որակն է՞լ է  բարձրացել, տիկին Բախշյան:

Հետ ենք նահանջել, դպրոցն առաջինն է պետականորեն ճանաչվել՝ որպես ներառական կրթություն իրականացնող հաստատություն, ինչպես նաեւ մեզ մոտ վերապատրաստվում էին մասնագետներ, սակայն ինձնից հետո վերապատրաստող դպրոց չէ այլեւս: Ներառականի  բազմամասնագիտական թիմը, որի կայացման վրա հսկայական ներդրումներ  էր արվել, հեռացավ, փոխարենը  ընդունեց իր բարեկամներին, մտերիմներին: Նրանց մեջ կան ոչ մասնագետներ, օրինակ՝ երկամյա դասընթացներ անցած, բարձրագույն կրթություն չունեցող լոգոպեդ, ով ընդամենը Սուսաննա Սարգսյանի բարեկամն է: Սուսաննա Սարգսյանի գալուց հետո,  ներառական կրթության որակը շատ տուժեց:

Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը