Նոր Նորք վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Վիլնյուսի փողոցի շարունակությունը հանդիսացող՝ 8-րդ զանգվածը 9-րդին կապող նոր կառուցվող ճանապարհահատվածի շինհրապարակ եւ, շրջելով ճանապարհի երկայնքով, տեղում հետեւել աշխատանքների ընթացքին:
Դեռեւս տասնամյակներ առաջ՝ խորհրդային տարիներին նախատեսված ճանապարհի կառուցումն իրականացվում է որպես քաղաքապետի կողմից տեղի բնակիչներին տրված նախընտրական խոստում:
Շրջայցի պահին ընթանում էին նոր կառուցվող ավտոճանապարհի հողահարթեցման աշխատանքները: Պատասխանատուները, քաղաքապետին ներկայացնելով շինարարական աշխատանքների ներկա փուլը նշել են, որ անձրեւաջրերի հեռացումն պահովելու նպատակով ճանապարհի սկզբնամասի աջ եւ ձախ կողմերում տեղադրվելու են 2-ական ջրընդունիչներ: Նոր կառուցվող ճանապարհահատվածը, համաձայն նախագծի, կունենա 537մ երկարություն եւ 8-11մ երկարություն: Կտեղադրվեն 1052 գծմ բազալտե եւ 997 գծմ միաձույլ բետոնե եզրաքարեր։ Ճանապարհի երթեւեկելի մասում կկատարվի 4795քմ եւ 762 քմ մայթերի ասֆալտապատում։
Քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել կատարվող աշխատանքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով որակի ապահովմանը:
«Տարիներ շարունակ Նոր Նորքի վերջին զանգվածներում բնակվող մեր համաքաղաքացիները 8-ից 9-րդ զանգված գնալու համար օգտվել են գործող հիմնական ճանապարհից: Մինչդեռ, հատակագիծը հնարավորություն էր տալիս շարունակել այն եւ ունենալ նաեւ նոր՝ այլընտրանքային ճանապարհ: Բնակիչների հետ հանդիպումների ժամանակ պարբերաբար բարձրացվել է այս հարցը եւ 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերում ընդգրկեցինք նաեւ այս ճանապարհահատվածի շինարարությունը, որն էապես կթեթեւացնի ու կբեռնաթափի երթեւեկը»,-ընդգծել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:





























