Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսին:
Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ հայ-լիտվական հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ զարգանում են, տարեցտարի հարստանում է տարբեր ոլորտներում համագործակցության օրակարգը: Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Լինաս Լինկյավիչուսը կարեւորել են ակտիվ փոխայցելություններն ու շփումները, այդ համատեքստում ջերմորեն հիշելով անցյալ տարվա մարտին Լիտվայի արտգործնախարարի այցը Հայաստան եւ դեռեւս պաշտպանության նախարարի պաշտոնում Սերժ Սարգսյանի այցը Լիտվա, ինչը, կողմերի համոզմամբ, պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում ամուր հարաբերությունների, երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ հետագա պարբերական շփումների հիմք դրեց:
Արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը խոսելով համագործակցության առաջիկա ծրագրերի մասին՝ նշել է, որ մոտակա ժամանակահատվածում նախատեսում է ստեղծել միջկառավարական հանձնաժողով եւ ակտիվորեն զարգացնել հարաբերությունները նաեւ տնտեսական ոլորտում: Նրա հավաստմամբ, հաջորդ ամիս կկազմակերպվի հայ-լիտվական գործարար համաժողով, որը կարող է ձեւավորել փոխգործակցության բովանդակալից մեծ օրակարգ:
Լիտվայի արտգործնախարարն ընդգծել է, որ իր երկիրն աջակցել է Եվրամիության հետ Հայաստանի երկխոսությանը, եւ հանդիպմանը Հանրապետության նախագահից լսելով եվրոպական արժեքներին Հայաստանի նվիրվածության մասին, համագործակցության այս ձեւաչափում եւս տեսնում է ընդհանուր ծրագրեր ու Լիտվայի՝ որպես Եվրամիության անդամ երկրի դերը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացման գործում:
Հանդիպմանը Հանրապետության նախագահը եւ Լիտվայի արտգործնախարարը մտքեր են փոխանակել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների մասին, անդրադարձել ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:































