Փաստաբան Լիդա Հակոբյանը վախենում է իր անվտանգության համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբանը: Նա նշեց, որ մտավախություն ունի, որ հոկտեմբերի 30-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում կայանալիք նիստին հերթական անգամ մյուս կողմը ոտնձգություն կանի իր  անձի նկատմամբ: Փաստաբանը պատմեց, որ նախորդ դատական նիստին, երբ ինքը մի փոքր շուտ էր գնացել դատարան, որպեսզի փաստաթղթեր մուտք աներ, դրանից անմիջապես հետո մյուս կողմից Սեդա Խուրշուդյանը, նկատելով իրեն, սկսում է գոռալ՝  «Սա էն պոռնիկն է, էս պոռնիկին էլ եմ վառելու, ինձ էլ եմ վառելու»: Փաստաբանը պատմեց, որ բարեբախտաբար անմիջապես դատական կարգադրիչները մոտեցան, ինքը արագ-արագ բարձրացավ աստիճանները, բայց այդ կնոջ ձեռքում բենզին կար, պայուսակում եւս ինչ-որ բան կար:

Լիդա Հակոբյանն ասաց, որ այդ անձնավորությունը անկառավարելի է եւ այս գործի քննության ողջ ընթացքում իր հասցեին միշտ անպատվաբեր, վիրավորական, սպառնալից խոսքեր է հնչեցրել: Օրինակ՝ առաջին անգամ, երբ գործը քննվեց, հենց դատարանի ներսում մյուս կողմը հարձակվեց իր վրա, մազերը քաշքշեցին, այնպես, որ իրեն դատական կարգադրիչներն են ուղեկցել կանգառ, որպեսզի չվնասեն իրեն:

Իսկ թե ինչ դատական գործի շուրջ են սպառնալիքները, փաստաբանը պատմեց, որ հայցվորը իր քրոջ ամուսինն է, սվ տոկոսով փող է տվել, մյուս կողմն էլ  իրենց տունը գրավ են դրել, սակայն գումարը այդպես էլ չեն վճարել: Նրանք հայտարարել են, թե ոսկեղենով փակել են պարտքը, ինչը, ըստ փաստաբանի, իրականությանը չի համապատասխանում: Այս գործով բազմաթիվ գործընթացներ են եղել: Վերջին փուլն  այն է, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչի որոշումը ու գործը ուղարկել է նոր քննության: «Իրենք էլ այլ ելք չունենալով,  քանի որ ամբողջը բացահայտվել է, ուզում են իմ, դատարանի վրա ճնշում գործադրելու միջոցով, վախի մթնոլորտ ստեղծեն, որպեսզի ես ներգրավված չլինեմ»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փաստաբան Լիդա Հակոբյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, թե տուժող կողմը իրեն վիրավորում է եւ սպառնում: Դեպքը եղել է Շենգավիթի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատական պրոցեսի ժամանակ: Մյուս կողմը բացատրություն է տվել, որ բնակարանի հարցով 4 տարի դատական քաշքշուկների մեջ եւ դժգոհ է դատաքննության ընթացքից: Այժմ ոստիկանության Շենգավիթի բաժնում կատարվում է հետաքննություն: