Մարտ առանց կանոների մարզաձեւում մասնագիտացած 25-ամյա Բենիկ Ալեքսանյանը այնպես է հարվածել պահակի, որ նրան պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ, իսկ այժմ ինքը կանգնել է դատարանի առաջ: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ Բենիկ Ալեքսանյանը Վանաձորի բնակիչ է, շուրջ 18 տարի ապրել է Մոսկվայում եւ զբաղվել մարտ առանց կանոների մարզաձեւով: Նա շատ պրոֆեսիոնալ է եղել, իր հարվածների ուժգնության պատճառով արգելվել է բացի մրցումներից որեւէ այլ տեղ հարվածներ կիրառել: Երիտասարդը Վանաձորում մարզվել է, որպեսզի գնա մեկ այլ երկիր՝ մրցումների մասնակցելու
Այս տարի մայիսին մարզիկը Վանաձորի ռեստորաններից մեկում իր ընկերների հետ խնջույքի էր մասնակցում, մի քիչ գինովցել էին: Խնջույքից հետո առողջարանի ընկերության պահակին նա հարցնում է, թե արդյոք ինքը ճանաչում է իքս անունով անձին: Վերջինս էլ կատակով ասում է, թե այդ անձնավորությանը պահում է իր մոտ՝ նրա անվանումը հնչեցնելով փաղաքշական իկ վերջածանցով: Մարզիկը սկսում է վիճաբանել պահակի հետ, հարվածել գլխին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ՝ գանգուղեղային ծանր վնասվածք՝ գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդ, գլխուղեղի աջ բլթի շրջանի սալջարդ, աջ այտոսկրի կոտրվածք, արնազեղում: Մարզիկին մեղադրանք է առաջդրվում Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննություն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացնում, որպեսզի նրա հանդեպ խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը, սակայն դատարանը անակնկալ կերպով նրան գրավի դիմաց ազատում է:
Այժմ գործն ուղարկվել է դատարան, այն կքննվի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջին դատական նիստը դեռ նշանակված չէ:




























