Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը օրերս Սյունիքի մարզային քննչական վարչությունում բացատրություն է տվել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Գեւորգյանը:
Նա նշեց, որ խնդիրն այն է, որ քաղաքապետի որոշմամբ՝ 10 քառակուսի մետր տարածք է տվել վարձակալությամբ, եւ չնայած պայմանագրով նախատեսված էր թիթեղյա տաղավարի կառուցում, դրա փոխարեն քարե հիմնական շինություն է կառուցվել: Վարդան Գեւորգյանն ասաց, որ սկզբնապես քաղաքացին պարտաճանաչ վճարումները արել է, սակայն հետո բացակայել է ՀՀ-ից եւ դրանք չի կատարել: Եւ քանի որ նա բացակայել է ՀՀ-ից՝ Քաջարանի քաղաքապետարանը չի կարողացել ոչինչ անել: Վարդան Գեւորգյանը նշեց, որ քննչական վարչությունում բացատրություն են տվել նաեւ քաղաքապետարանի այլ աշխատակիցներ: Նա ասաց, որ քննչական մարմինը ընդամենը ուսումնասիրություն է կատարում: Քաղաքապետը մտահոգված չէ, որ իր դեմ քրեական գործ կհարուցվի, քանի որ որեւէ դիտավորություն իր կողմից չի եղել:




























