«Եղվարդշին» շինարարական ընկերությունը չի ցանկանում փոխհատուցում տալ օգոստոսին 7-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչների այրված հողատարածքների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Կամո Մուսինյանը՝ նշելով, որ 12 հեկտար հողատարածք է այրվել՝ այգիների մոտ ընկերության կատարած եռակցման աշխատանքների պատճառով: 

«Չոր խոտը վառվել ա իրանց անփույթ աշխատանքի հետեւանքով: Սեպտեմբերի 18-ին մենք ընկերության ղեկավարին՝ Վարդանյան Սամվելին զոռով կանչեցինք գյուղապետարան: Մենք նույնիսկ պատրաստ էինք փոխզիջումների գնալ իր հետ, բայց  ինքն իրան շատ ագրեսիվ, ամբարտավան պահեց, վերջում էլ ասեց՝ ոչ մի կոպել էլ չեմ տալու: Ասեց՝ դատարան տվեք, թող իմ սվարչիկին տանեն, նստացնեն, մի մեշոկ փող կտամ, կազատեմ իրան, ձեզ էլ ոչ մի բան չեմ տալու»,-ասաց Կամո Մուսինյանը:

Կամո Մուսինյանի խոսքով՝ այրվել են 37 ընտանիքի պատկանող 12 հեկտար բերքատու այգիներ, մեկ դաշտային տնակ, մեկ տասնյակ մեղվափեթակ, հասցվել է մոտ 60 միլիոն դրամի վնաս:

«Խաղողի այգիներ, խնձորի, ծիրանի այգիներ են այրվել, մարդիկ բոլորն էլ ուզում են իրանց վնասը հատուցվի: Մեր եկամուտը դրանից ա, հողերը համարյա չենք օգտագործում, հիմնականում խաղողի վազերն ենք մշակում: Բանկերում տոկոսներ ունենք, ուսանող երեխեք ունենք»,- ասաց Կամո Մուսինյանը:

Գյուղացիները բողոքով դիմել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, նա խոստացել է ապրանքագիտական փորձաքննություն ուղարկել այգիներ՝ վնասի չափը հաշվարկելու համար, սակայն մեկ շաբաթից ավելի ժամանակ է անցել, դեռ ոչ մի փորձաքննություն չի անցկացվել:

Գործը դեռ Տավուշի մարզի քննչական բաժնում է,  բնակիչները պնդում են, որ կարգադրություն կա այն ձգձգելու ու փակելու:

«Թե ով ա կանգնած էս գործի հետեւում, դեռ չենք պարզել, բայց կպարզենք: Դիտավորյալ չեն ուզում շարունակվի էս գործը: Մենք աղմուկ բարձրացրինք, ասեցինք՝ ճանապարհը կփակենք, նոր քննիչն եկավ ցուցմունք վերցրեց մեզնից: Ու դրանից հետո սայլը տեղից չի շարժվում»,-ասաց Կամո Մուսինյանը՝ նշելով, որ իրենք պատրաստվում են առաջիկայում իրենց բողոքը ներկայացնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

«Եղվարդշին» ՓԲԸ տնօրեն Սամվել Վարդանյանը NEWS.am-ի հետ զրույցում պնդեց, որ հրդեհն իրենց մեղքով չի եղել, եւ այրվել է ոչ թե 12 հեկտար հողատարածք, այլ 3-4 բնակչի խաղողի այգի: 

«Բնակիչներից տուժել է մի քանի քանի հոգի, գյուղապետը 40 հոգի ա ներկայացրել: Ընդամենը մի 3-4 հոգու խաղողի այգի ա վառվել մասնակի, ու երկու այգի եւս մասնակի, իսկապես տուժածներն էլ չեն բողոքում: Մեր արած գործի տեղը կրակի հետք չկա: Մենք իրանց համար ջրատար ենք կառուցում: Առիթից օգտվել են, չգիտեմ՝ ով սովորացրել ա, որ մարդիկ բարի գործ են անում, կարելի ա գնալ, ասել փոխհատուցումը տվեք: Երբ կպարզվի՝ ես եմ մեղավոր, հատուցում կտամ, բայց մենք ոչ մի մեղավորություն չունենք»,-ասաց Սամվել Վարդանյանը՝ նշելով, որ օգնության կարգով ինքն այդ մի քանի բնակիչներին փոխհատուցում է առաջարկել, սակայն նրանք հրաժարվել են:

Լուսանկարները՝ Կամո Մուսինյանի