Վարդան Այվազյանը կանանց հետ հատուկ մրցակցություն ունի, ուզում է ընդգծել իր տղամարդկայնությունը եւ դա իր մասին այդքան էլ լավ չի խոսում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Վարդան Այվազյանի հայտարարությանը, թե կինը չպետք է խառնվի երկու տղամարդկանց խոսակցությանը, եթե անգամ այդ կինը պատգամավոր է:

Նա նշեց, որ երեւի պատգամավորը շատ խորը սեռային պրոբլեմ ունի, քանի որ ընդգծված մասկուլայնությունը ցույց է տալիս, որ մարդը լուրջ խնդիր ունի՝ ապացուցելու, որ ինքը տղամարդ է: Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ այսպիսի մտածելակերպը այսուհետ ավելի կխորանա, որովհետեւ մենք մտել ենք Եվրասիական տնտեսական միություն, որտեղ այդպիսի մոտեցումները խրախուսվում են եւ կանանց իրավունքների տեսանկյունից բավական վատ վիճակ է:

Հրապարակախոսը շեշտեց, որ սեռային պատկանելիության մոտեցումը ուժի ցուցադրում է, ԱԺ-ում մուսկուլինային պատկերացումների եւ պատրիարխալության բացահայտ պրոպագանդա է  արվում, դա խրախուսվում է  նաեւ պետական մարմինների, եկեղեցու կողմից:  «Միգուցե կրոնական պատկանելությունն էլ փոխի, դառնա մահմեդական, որտեղ բարքերը կանանց իրավունքների տեսանկյունից խիստ անհամաչափ են եւ պահանջի, որ պառլամենտում կանայք նստեն գլխաշորերով, կարծում եմ, որ  Վարդան Այվազյանից դա արդեն սպասելի է: Քրիստոնեությունը հավասար պայմաններ է ենթադրում, իսկ ինքը կարծես մահմեդական կրոնի ներկայացուցիչ լինի: Աշխարհիկ պետություններում էդպիսի բարքեր ընդունված չեն»,-ասաց Զարուհի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Այվազյանի եւ Փաշինյանի միջեւ բանավեճը տեղի է ունեցել նախորդ շաբաթ, ԱԺ հերթական քառօրյայի նիստերից մեկի ժամանակ: Նրանց խոսակցությանը տեղից փորձել է միջամտել նաեւ Զարուհի Փոստանջյանը, ինչին  Վարդան Այվազյանն արձագանքել է. «Էս դո՞ւ ինչի անհանգստացար»։ Իսկ արդեն այսօր ասուլիսում Վարդան ԱՅվազյանը հայտարարել է. Կինը չպետք է խառնվի երկու տղամարդկանց խոսակցությանը, եթե անգամ այդ կինը պատգամավոր է»:

Թեժ վեճ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հետ. Վարդան Այվազյանն էլի իր «դերի» մեջ էր