Ձմռանն ընդառաջ Երեւանի քաղաքապետարանում հաշվառվել են անհրաժեշտ մեքենամեխանիզմներն ու սարքավորումները, կուտակվում է համապատասխան քանակությամբ տեխնիկական աղ եւ շլակային ավազ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է բազմաբնակարան բնակելի շենքերում եւս ձմռան նախապատրաստական աշխատանքներ տանել, նաեւ լրացուցիչ ծանուցել տնտեսավարողներին ձմռան ամիսներին պարտադիր բարեկարգման կանոնների պահպանման պարտավորությունների մասին: Բացի այդ, հանձնարարվել է ՃՈ հետ համատեղ ավտոտրանսպորտային միջոցներ շահագործող քաղաքացիների շրջանում իրազեկման աշխատանքներ տանել՝ հատկապես ամառային անվադողերը նախապես ձմեռայինով փոխարինելու ուղղությամբ:

«Նախորդ տարիների փորձը հաշվի առնելով՝ արդեն այսօրվանից պետք է վարորդներին իրազեկել անվադողերի փոխարինման մասին: Ուստի ՃՈ հետ համատեղ պարբերաբար տեղեկացրեք բնակչությանը անվադողերը նախապես ձմեռայինով փոխարինելու անհրաժեշտության մասին, նաեւ իրազեկեք, որ առնվազն ձյան տեղումների օրերին խուսափեն փողոցների մայթեզրերին ավտոկայանումներից՝ ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար: Այս մասով անելիքներ ունեն նաեւ վարչական շրջաններն ու համատիրությունները, որոնք իրենց հերթին եւս պետք է հնարավոր բոլոր միջոցներով տեղեկացնեն բնակիչներին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Զեկուցվել է նաեւ, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում գույքագրվել եւ համապատասխան աշխատանքներ են տարվել քաղաքապետարանի ենթակայության կրթական, մշակութային եւ առողջապահական հաստատություններում ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքի ապահովման ուղղությամբ: