Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել՝ ՀՀ պետական բյուջեից գիտական եւ գիտատեխնիկական գործունեության թեմատիկ ֆինանսավորման շրջանակներում իրականացվող  գիտական եւ գիտատեխնիկական ծրագրերում եւ թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման մրցույթ հայտարարելու վերաբերյալ:

Մրցույթի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում» ծախսային ծրագրի ֆինանսական միջոցներից:

Մրցույթն իրականացվում է գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով եւ մասնագիտություններով: Մրցույթի արդյունքում` առավել բարձր արդյունավետությամբ աշխատող 100 գիտաշխատողների մեկ տարի ժամկետով կտրամադրվի ամսական 135 000 դրամ հավելավճար:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերում եւ թեմաներում 2014 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ընդգրկված եւ առնվազն 7 տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության աշխատանքային ստաժ ունեցող անձինք:

Մրցույթի մասնակիցը պետք է լինի Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչ, ինչպես նաեւ Հավելավճար ստանալու ընթացքում առնվազն 6 ամիս բնակվի Հայաստանի Հանրապետությունում: