Մոսկվայում հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի եւ ՌԴ անասնաբուժական եւ ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի միջեւ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Արմեն Հայրապետյանի առաջարկով քննարկվեցին հետեւյալ հարցերը՝
-ՀՀ ՌԴ ձուկ-ձկնամթերք արտահանելու թույլտվություն ունեցող կազմակերպությունների ցանկի ընդլայնումը՝ ներառելով արտահանման հնարավորություն ունեցող նոր կազմակերպություններ,
-ՀՀ մսամթերք վերամշակող կազմակերպությունների արտադրանքը ՌԴ շուկա արտահանելու հնարավորությունների համաձայնեցումը եւ դրանից բխող հետագա գործողությունները,
-միասնական անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տպագրման եւ կիրառման գործընթացները,
-միասնական ավտոմատացված էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքների իրականացումը, համակարգի սպասարկմանն ու ուսուցմանն առնչվող հարցեր, ՌԴ անասնաբուժական եւ ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության համապատասխան ստորաբաժանումներում ՍԱՊԾ մասնագետների ուսուցման դասընթացների կազմակերպումը:
Իր հերթին Սերգեյ Դանկվերտը նշել է հայ-ռուսական առեւտրային հարաբերությունների կայուն զարգացման, մասնավորապես վերջին տարիներին Հայաստանից Ռուսաստան ձկնամթեքի արտահանման ծավալների զգալիորեն աճի մասին: Առաջարկվել է ուժեղացնել սահմանային հսկողությունը՝ բացառելով մաքսանենգ ճանապարհով բեռների ներմուծումը, որն հատկապես ակտիվացել է Ռուսաստանի պատասխան պատժամիջոցների կիրառումից հետո: Ինչպես նաեւ նշել է, որ անհրաժեշտ է համատեղ պայքարել կենդանիների այնպիսի վտանգավոր հիվանդությունների դեմ, ինչպիսիք են խոզերի աֆրիկական ժանտախտը եւ դաբաղը:
Հանդիպման վերջում ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Արմեն Հայրապետյանը ՌԴ անասնաբուժական եւ ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով:




























