Կապան քաղաքում մեկ ամիս է, ինչ ձուն չճարվող մթերք է դարձել, այն բնակիչներին վաճառում են սահմանափակ քանակությամբ։ NEWS.am-ի Կապանի մեր թղթակիցը շրջել է մեկ տասնյակից ավելի խանութներով, և ոչ մեկում ձու չի գտել:
«Գնորդ է լինում, միանգամից մի յաչեյկա ուզում է, բայց տասից ավելի չենք տալիս, որ մյուսներին էլ հերիքի»,- NEWS.am-ին ասաց վաճառողուհի Մարինե Հարությունյանը՝ նշելով, որ վերջին շրջանում ձու քիչ քանակով են ստանում:
Կապանի բնակչուհի տիկին Թամարան պատմեց, որ մի օր տորթ թխելու համար ամբողջ քաղաքում փնտրել ու այպես էլ չեն կարողացել ձու ճարել. «Օր է եղել, երբ ծայրամասից ծայրամաս փնտրել ենք, զանգել բարեկամներին, որ իրենց խանութներում էլ փնտրեն, չի եղել,շատ էր պետք, որդուս ծննդյան տորթն ինքս էի ուզում թխել»:
Կապանի խանութներին ձու հիմնականում «Լուսակերտ» և «Արաքս» ընկերություններն են առաքում, որոնք էլ ըստ վաճառողների, ձվի քանակի սակավությունը կապում են հավերի փետրաթափման շրջանի հետ:
Սննդամթերքի անվտանգության պետծառայության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Արթուր Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ տարօրինակ ոչինչ չկա. ցրտերն ընկնելուն պես նման խնդիրներ առաջանում են:
Նրա խոսքով՝ շուտով կապանցիները ձվի պակասություն չեն զգա, քանի որ ըստ իր տեղեկությունների, դեկտեմբերից Կապանում 3 թռչնաբուծական համալիր կգործի, և խնդիրը կկարգավորվի:




























