«Ո՞վ է մատնել Ռոջեր Ճագարին» հոլիվուդյան անիմացիոն ֆիլմի երկրպագուների համար Ջեսիկա Ռեբիթը պարզապես սեքսուալ կերպար է, սակայն Նյու Յորքից Քելլի Լի Դիկեյի համար կարմրահեր գեղեցկուհին իդեալ է դարձել: Ֆիլմի հերոսուհու կազմվածքով ոգեշնչված՝ աղջիկն իրեն երդվել է, որ կանի հնարավոր ամեն ինչ՝ նման մարմին ունենալու համար: Այս մասին գրում է Mirror-ը:

«Ամեն ինչ սկսվեց յոթ տարի առաջ,- հիշում է կապույտ վարսերով 27-ամյա ամերիկուհին:- Ես տեսա Ջեսիկա Ռեբիթին, իսկ հետո՝ Փոթորկին (Marvel ընկերության կոմիքսներից հերոսուհի) եւ որոշեցի զբաղվել իմ կազմվածքով, որպեսզի այն կատարյալ ավազե ժամացույցի վերածեմ: Ինձ դուր էր գալիս նրանց կազմվածքը: Բացի այդ, ինձ համար սարսափելի հետաքրքիր էր, թե ինչպես կարող են գործվածքն ու թելերը փոխել մարմինը, այդ պատճառով սկսեցի սեղմիրան կրել»:

Ըստ FedPost-ի, Քելլին պատմել է, որ սեղմիրանն իրեն օգնել է ոչ միայն բարակ իրան ունենալ, այլեւ ազատել է պատանեկան բարդույթներից:

Ջեսիկա Ռեբիթի իրանն ունենալու համար աղջիկը յոթ տարի շարունակ սեղմիրան է կրել՝ մշտապես իրեն ֆիզիկական ծանրաբեռնվածության ենթարկելով:

«Սեղմիրան կրելիս հարկավոր է զգույշ լինել՝ չվնասվելու համար: Օրինակ՝ ծանրություն չբարձրացնել: Բայց ես չեմ հետեւում այդ կանոններին: Նույնիսկ գնդակ եմ խաղում սեղմիրանով, բայց երբեք դրանով մարզասրահ չեմ գնում, քանի որ դա իսկապես շատ վտանգավոր է: Իհարկե, ծայրահեղության գիրկը չեմ ընկնում եւ պարբերաբար հանում եմ այն»,- նշել է աղջիկը:

«Շրջապատին ոչ միշտ է հիացնում իմ կազմվածքը, բայց ես ամեն ինչ անում եմ ինձ համար, այլ ոչ թե համընդհանուր հիացմունքի: Ինձ դուր է գալիս փոխել իմ մարմինը: Դա իսկապես զվարճալի է»,- պատմել է Քելլին: