Արարատի մարզի Այգեզարդ գյուղի կենրոնական փողոցներից մեկը՝ Չեկալովի փողոցն այսուհետ կրելու է տնային կալանքի տակ գտնվող՝ ռուսաստաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի անունը:
NEWS.am-ին Այգեզարդի ավագանու անդամ Գարիկ Բադալյանը հայտնեց, որ առաջարկն իրենն է եղել:
«Չկալովը հին սովետական հերոս է, օդաչու է եղել, ես չգիտեմ, թե ինքն ինչ է արել Հայաստանի համար: Այգեզարդը Հայաստանի խոշորագույն համայնքներից մեկն է, ունի ընդամենը 15 կենտրոնական փողոց եւ չարժի, որ ինչ-որ անհայտ մեկի անունով փողոց ունենանք: Ավագանին ցանկություն ուներ՝ այդ անունը փոխելու: Տարբերակները մի քանիսն էին, բայց առաջարկ իմն է եղել Հայրապետյանի անունով կոչելու, նրա ներդրումը շատ մեծ է ԼՂՀ-ի զարգացման գործում: Բացի դրանից՝ մենք այս կերպ մեր աջակցությունն ենք հայտնում Լեւոն Հայրապետյանին»,- ասաց Գարիկ Բադալյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լեւոն Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով: Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ, հայտնի հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով։






























