Հայաստանում պրոբացիոն համակարգը կներդրվի 2015թ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Նա նշեց, որ հայեցակարգն արդեն շրջանառության մեջ է, օրենքների փաթեթը՝ մշակված, բայց դեռ աշխատանքներ կան անելու: Ծառայությունը պիլոտային ծրագրով նախատեսվում է ներդնել Երեւանի մի համայնքում եւ Լոռիում: Նախնական հաշվարկներով՝ պրոբացիոն համակարգի աշխատանքի համար տարեկան անհրաժեշտ է 840 մլն դրամ, բայց դրա ներդրումից 2 տարի անց բյուջեն կխնայի մոտ 2մլրդ դրամ: Պրոբացիոն համակարգի առավելությունները բազմաթիվ են, այդ է պատճառը, որ ըստ Սուրեն Քրմոյանի, մեր երկրում դրան դեմ արտահայտվողներ գրեթե չկան:

Նախարարի տեղակալի խոսքով՝ պրոբացիոն համակարգը կթեթեւացնի քրեակատարողական հաստատությունները, կկանխարգելի հասարակության քրեականացումը, ծանր եւ միջին ծանրության հանցագործներին ոչ բոլոր դեպքերում կտանեն ՔԿՀ, պատիժը կկրեն համայնքում, ինչը նպաստելու է նրանց ուղղմանը, հսկողություն  կսահմանվի, իսկ դա կբերի  կրկնահանցագործության նվազեցմանը, դատապարտյալների, տուժողների իրավունքների պաշտպանությանը:

Թարգմանաբար «պրոբացիա» նշանակում է փորձաշրջան կամ փորձություն: Այն սոցիալական աշխատողներից, հոգեբաններից բաղկացած մի համակարգ է, որը կիրականացնի այլընտրանքային պատիժները, խափանման միջոցները, կփորձեն հաշտեցնել տուժողին եւ հանցագործություն կատարածին, քայլեր կձեռնարկի տուժողի վնասները հատուցելու ուղղությամբ, մի խոսքով՝ պրոբացիա՝  փորձություն՝ անձի կատարած հանցագործության  դիմաց պատժի կատարում ոչ թե ՔԿՀ-ում, այլ համայնքում: Սուրեն Քրմոյանն ասաց, որ այժմ քննարկվում է, թե ինչպես այն ներդրվի Հայաստանում, քանի որ այն ունի բազմաթիվ փուլեր:

Ի՞նչ փուլեր ունի պրոբացիոն համակարգը

Պրոբացիոն համակարգը շատ անհրաժեշտ է Հայաստանին, քանի որ մի շարք կարեւոր խնդիրներ կլուծի, եթե իհարկե հասկացվի դրա գործառույթները եւ համապատասխան մոտեցում դրսեւորվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Արման Դանիելյանը:

Նա նշեց, որ պրոբացիան թույլ կտա ավելացնել այլընտրանքային պատիժները եւ այլընտրանքային խափանման միջոցների կիրառությունը Հայաստանում: Ծառայությունը աշխատում է 4 փուլում՝ մինչդատական, դատական, պերիտենցիալ, մինչպերիտենցիալ, հնարավոր է եւ ցանկություն կա մեզանում եւս այն ներդնել 4 փուլով:

Առաջինը խափաման միջոցի որոշման փուլն է, ոստիկանությունը անձին ձերբակալում է, ներկայացնում դատարանին՝ ասելով, որ պետք է կալանավորել, քանի որ կփախչի կամ կխոչընդոտի քննությանը: «Դատարանը կալանավորում է, որովհետեւ հակակշռող փաստարակներ չունի, պետք է ասի՝ չեմ հավատում ձեր փաստարկներին, իսկ դրա համար պետք է հիմքեր ունենա: Պրոբացիոն ծառայությունը նախատեսում է դատավորի համար զեկուցագիր, որ այսինչ մարդը ունի այսպիսի  ընտանիք, աշխատանք, նախկինում ենթարկվել կամ չի ենթարկվել պատասխանատվության, մեր կարծիքով ինքը չի փախչի՝ ելնելով այս հանգամանքներից, կամ կփախչի, վտանգը մեծ է: Դատարանը, ունենալով այդպիսի զեկուցագիր՝ որպես խորհրդատվական փաստաթուղթ, կարողանում է որոշում կայացնել»,- ներկայացրեց իրավապաշտպանը:

Պրոբացիոն ծառայության կիրառման երկրորդ փուլը դատավճռին է վերաբերում, երբ ծառայությունը համապատասխան զեկուցագիր է պատրաստում դատարանի համար տվյալ դատապարտյալի մասին, որտեղ ներկայացնում է այդ անձնավորությանը, նրա ընտանիքը, շրջապատը, կրթությունը եւ դրա վրա հիմնվելով՝ դատավորը հնարավորություն է ունենում կիրառել այլ պատիժներ, ոչ ազատազրկում: Արման Դանիելյանը շեշտեց, որ այսօրվա դրությամբ պայմանական պատիժ նշանակելիս ելնում են հանցագործության ծանրությունից, ինչը ճիշտ չէ եւ այս առումով պրոբացիան կարող է շատ խնդիրներ լուծել: 

Մյուս փուլը դատապարտյալի հետ աշխատանքն է, այստեղ այն որոշիչ դեր կարող է  հանդիսանալ, օրինակ, վաղաժամկետ ազատ արձակման հարցում: Եթե այսօր վաղաժամկետ ազատ արձակման համար հիմնարկի վարչական հանձնաժողովը դատապարտյալին ներկայացնում է անկախ հանձնաժողով, վերջինս էլ տալիս է համաձայնություն դատարան դիմելու, ապա պրոբացիոն համակարգի ներդրմամբ կգնահատվի կրկնահանցագործության ռիսկը, դա նվազեցնելու ուղղությամբ քայլեր կարվեն, պայմաններ կդրվեն եւ կտրվի համապատասխան եզրակացություն: Եթե անձը վաղաժամկետ ազատ արձակվի, բայց խախտի պայմանները, ուրեմն կվերադառնա կալանավայր: Պրոբացիոն ծառայության 4-րդ փուլն արդեն ենթադրում է դատապարտյալի հետ աշխատանք, կարիքների գնահատում, սպասարկում ազատումից հետո:

Ի՞նչ մտահոգություններ կան

Ամենամեծ մտահոգությունն այն է, որ կարող է այս համակարգը չներդրվել՝ պայմանավորված ֆինանսական ծախսերով, քանի որ ըստ Արման Դանիելյանի, մեր պետությունը ունի աղքատի հոգեբանություն, ոչ թե բիզնեսմենի, չի գնահատում ծախսերի կրճատումը 2 տարի անց, այլ մտածում է, որ հիմա մեծ գումարներ է պետք պրոբացիոն ծառայության ներմուծման համար: Իրավապաշտպանը մտավախություն ունի, որ համակարգի ներդրումը կմնա օդից կախված վիճակում, ոչ բավարար ֆինանսների պատճառով այն ամբողջությամբ չի աշխատի:

«Պրոբացիոն ծառայությունը այլընտրանք է քրեակատարողական համակարգին, այն սպասարկում է եւ մասնագիտական կարծիքներ է տրամադրում դատարաններին դատաապարտյալների մասին: Այն հեշտ ներդրվող համակարգ չէ, համագործակցություն խնդիր կա տարբեր կառույցների հետ: Սկզբից, երբ խոսք էր գնում պրոբացիոնի մասին, ասում էին՝  ով է դարձել սոցիալական աշխատողը, որ դատավորին ասի՝ ինչ անել, այն ընկալում էինք որպես դատավորին ցուցումներ տվող»,-ասաց նա: Հ/Կ-ի ղեկավարն ասաց նաեւ, որ շատ կարեւոր է վերահսկող մեխանիզմներ ստեղծելը, քանի որ երկրում, որտեղ ամեն ինչ կոռումպացված է, դժվար է համակարգ հորինել, որը զերծ կլինի կոռուպցիայից:

Ի՞նչ խնդիրներ կան պրոբացիան ներդնելիս

Պրոբացիան ներդնելու աշխատանքային խմբի անդամները եղել են տարբեր երկրներում եւ փորձել են ամեն երկրից վերցնել մի բան՝ հաշվի առնելով նաեւ Հայատանի իրավական դաշտը, մենթալիտետը: Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ, պրոբացիան ներդնելու աշխատանքային խմբի անդամ Արթուր Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց,  իրենք ցանկանում են ներդնել պրոբացիան իր բոլոր ատրիբուտներով՝ ընդհուպ տուժողի եւ դատապարատյալի հաշտեցում:

Նրա խոսքով՝ հիմնական քննարկվող հարցերից մեկն այն է, թե քանի փուլով պետք է ներդրվի պրոբացիան՝ մինչդատական, դատական, պերիտենցիալ, մինչպերիտենցիալ: Վիճելի է՝ պետք է Հայաստանին մինչդատական եւ դատական պրոբացիան, թե ոչ: Ներդրման երկրորդ խնդիրը կապված է ֆինանսավորման հետ, կան դոնորներ, որոնք էլեկտրոնային մոնիթորիգնի համար գումար կտան, որպեսզի ձեռնաշղթաներ եւ այլ բաներ գնեն, բայց հարցը հետեւյալն է՝ արդյոք պետությունը բավարար ֆինանսական միջոցներ կներդնի, որպեսզի պրոբացիոն ծառայությունը ստեղծվի, քանի որ դրա ներդրման համար անհրաժեշտ է 200 աշխատող՝ այժմյան այլընտրանքային 85-ի փոխարեն, անհրաժեշտ են մեքենաներ, տեխնիկա, տարածաշրջանում ստորաբաժանումների վերականգնում: Երրորդ խնդիրը այն է, թե ինչքանով կվստահեն դատական եւ մինչդատական կառույցները դիմել պրոբացիային, ստանալ զեկույցներ եւ դրա հիման վրա որոշեն  խափանման միջոցի, պատժի տեսակները: «Կա նաեւ լավ կադրերի խնդիր, ամեն մարզում  պետք է ունենանք նվազագույնը մեկ հոգեբան, որպեսզի իրենք իսկապես իրականացնեն պրոբացիա, ոչ թե մարդը գա, ստորագրեն ու գնա, լինի աշխատանք դատապարտյալի հետ, որը ուղղված կլինի նրա ուղղմանը եւ վերասոցիալականացմանը»,-ասաց նա: