Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ֆիլմի նկարահանումների ժամանակ ինքնազգացողությունը վատացած դերասանուհի Լուիզա Ղամբարյանն այժմ արդեն իրեն լավ է զգում եւ շտապում է նկարահանումների: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանուհին:

Նա  նշեց, որ գաղտնի տեսարաններ էին նկարահանում, դրանցից մեկի ժամանակ ապրումներ եղան, որոնք բերեցին ինքնազգացողության վատացման: «Կապված էր նկարահանման հոգեվիճակի հետ, որքան էլ կողքից հեշտ թվա, մեր մասնագիտությունը բավականին բարդ է, բարդ հոգեկան էներգիա է,  բավականին տրամադրող էր աուրան, տարածքերը, գաղթականների քանակը»,-ասաց Լուիզա Ղամբարյանը՝ չցանկանալով մանրամասնել իր կերպարը:

Հիշեցնենք, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ֆիլմի նկարահանումների ժամանակ՝ նոյեմբերի 2-ին, դերասանուհի Լուիզա Ղամբարյանի ինքնազգացողությունը վատացել է: NEWS.am-ի տեղեկությունները հաստատել էր ֆիլմի սցենարի հեղինակ եւ ֆինանսավորող, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ «Ճոյտը»: Նոյեմբերի 2-ին նկարահանվում էր գաղթի տեսարանը, որին մասնակցում էին 200-ից ավելի մարդ: Նկարահանումները տեղի էին ունենում Թալինի շրջանի Հակո գյուղում: