Արվեստագետ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Լեւոն Թոքմաջյանի համար առավել կարեւոր է, թե ինչ գեղարվեստական արժեք կունենա Գարեգին Նժդեհի արձանը, քան թե դրա տեղադրման վայրը:

«Քաղաքապետարանի գեղարվեստական խորհուրդն օրերս եղել է արվեստանոցում, որտեղ ծանոթացանք արձանին, զրուցեցինք քանդակագործ Գագիկ Ստեփանյանի հետ: Ինձ ավելի շատ անհանգստացնում է քանդակի գեղարվեստական արժեքը, բոցաշունչ հայրենասերի ընդվզող մի կերպարի ստեղծումը: Թե ինչու է Հանրապետության փողոցում տեղադրվում, չեմ կարող ասել, ինձ համար դա կարեւոր էլ չէ: Կարծում եմ, որ Հանրապետության փողոցում է տեղադրվում, որովհետեւ Նժդեհը ՀՀԿ-ի համախոհն է, դրա համար են որոշել հենց այդ փողոցը»,- այս մասին այսօր` նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արվեստագետը:

Լեւոն Թոքմաջյանի համար` այնքան էլ կարեւոր չէ քննարկել քանդակի տեղադրման վայրը: Նշենք, որ Շենգավիթ համայնքում կա Նժդեհի անվան հրապարակ, որտեղ տեղադրված է բոլշեւիկ Սուրեն Սպենդիարյանի արձանը: Այս պատճառով հասարակության մի մասը համոզված է, որ Նժդեհի արձանը պետք է տեղադրել հենց Նժդեհի հրապարակում:

Նշենք, որ ամենայն հավանականությամբ արձանը կտեղադրվի միայն հաջորդ տարի: Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Երեւանի գլխավոր ճարտարապետը հայտնել էր, որ Գարեգին Նժդեհի արձանի կապված որոշակի խնդիրներ կան. քննարկվում է հովանավորի հարցը, տեղադրումը, դիրքը, բարձրությունը: Այսօր արդեն պատրաստ է արձանի կավե տարբերակը: