Քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Լեւոն Թոքմաջյանն այնքան էլ չի հավանել Գարեգին Նժդեհի արձանի էսքիզը: Այսօր` նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում քանդակագործը հայտնեց, որ ինքը դիմել է Նժդեհի արձանի քանդակագործին` Գագիկ Ստեփանյանին, որ փոփոխություններ կատարվեն:
«Նախնական տարբերակով Գարեգին Նժդեհը սուր էր բռնել, բայց հիմա ձեռքին սուր չունի: Թե ինչու սուր չունի, վերեւներն են այդպես որոշել: Հիմա Նժդեհի մի ձեռքը ծալած է, մյուսն` առաջ բերված: Դիկտատորի, հռետորի տպավորություն թողեց ինձ վրա: Քանդակագործին խնդրեցի, որ դերասանական ժեստը դուրս գա միջից քանդակի, դինամիկա լինի մեջը»,- ասաց Լեւոն Թոքմաջյանը:
Քանդակագործի խոսքով` իրեն Նժդեհի արձանը դուր չի եկել:
«Ինքս Նժդեհին պատկերացնում էի շարժման մեջ, սարից իջնող, իսկ այս դեպքում ինքն ավելի հանգիստ է կանգնած, շարժում չկա մեջը»,- ավելացրեց նա:
Նշենք, որ արձանը տեղադրվելու է Կառավարության 3-րդ շենքին հարակից այգում` դեմքով դեպի Հանրապետության փողոց: Նախատեսվում է քանդակի բացումը հաջորդ տարվա աշնանը:





























