Քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Լեւոն Թոքմաջյանը չի հասկանում, թե ինչու է Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգում տեղադրվել պատը ճեղքող լրագրողի արձանը:

«Զարմանում եմ, թե ինչպես կարելի է նման արձան տեղադրել, իմաստը չեմ հասկանում: Ինքս նորարարությանը դեմ չեմ, բայց պետք է իմաստ ունենա արձանը: Ձեռքն ու գլուխը մի կողմից, երկու ոտքը` մյուս կողմից: Հա ի՞նչ: Երբ գնացինք այդ այգի, տպավորություն ստացա, որ բերել են, խառը լցրել այնտեղ»,- այսօր` նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քանդակագործը:

Նշենք, որ արձանը տեղադրված է նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և հումանիստ  Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգում՝ նրա թանգարանի հարեւանությամբ: Հեղինակը ճարտարապետ Ալբերտ Սողիկյանն է: Ըստ սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունների` Ալբերտ Սողիկյանն արձանի գաղափարը պատճենել է ֆրանսիացի դերասան Ժան Մարեից: