Վերջերս մեծ աղմուկ բարձրացրած` քաղաքացիների անձնական տվյալները պարունակող «inchka.am» կայքն արդեն փակվել է, սակայն մարդկանց անձնական տվյալների արտահոսքի խնդիրը լուծված չի կարելի համարել։ Այսօր՝ նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպանն այս մասին հայտարարեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ ենթադրելով, որ անձնական տեղեկատվության արտահոսքը ինչ-որ պետական կառույցից կարող էր լինել։

«Ենթադրում եմ՝ ինչ-որ պետական կառույցից է արտահոսքը եղել, քանի որ այն նորմալ չի հետեւում եւ չի պաշտպանում այդ տվյալները։ Մենք մեղադրում ենք բջջային օպերատորներին, բայց չեմ կարծում, որ ինչ-որ մեկը դրել. միանգամից 3 տեղից գողացել եւ համադրել է տվյալները»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։ 

Մեդիափորձագետի խոսքով՝ պետական կառույցների եւ քաղաքացիների տվյալներին տիրապետող ոչ պետական կառույցների կողմից ոչ պատշաճ պաշտպանության մասին են վկայում 2010թ., 2012թ., 2013թ. 2014թ. տվյալների նմանատիպ արտահոսքերը։

«2010թ. բազաները գողացվեցին անհայտ անձանց կողմից։ Այն, որ այդ տվյալները լավ չեն պաշտպանվում, դրա ապացույցն այն է, որ 2010թ. հետո եւս մի անգամ գողացվեցին եւ բազաները թարմացվեցին, այսինքն հետո ունեցանք 2012թ. տվյալները, ինչը շատերին ուրախացրեց։ Ցավոք սրտի, մարդիկ ավելի շատ ուրախանում էին, քան տխրում, որ այդ տվյալները հայտնվել էին բաց։ 2013թ. ադրբեջանցի հակերները 2 անգամ այդ տվյալները տեղադրեցին՝ տարվա սկզբին եւ տարվա վերջին, եւ ասացին, որ իրենք կոտրել են ՀՀ Ոստիկանության սերվերները եւ գողացել են տվյալները։ Իրականում այդպիսի բան չէր եղել։ Իրենք ուղղակի ինտերնետում գտել էին այդ տվյալները, քանի որ այդ բազաները ինտերնետում լցված են», - ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ «inchka.am»-ն անձնական տվյալներ պարունակող 1-ին կայքը չէ. 3-4 նման կայքեր կան։

«Նմանատիպ կայքեր էլի են ստեղծվել, հետո փակվել են։ Ուղղակի այս անգամ աղմուկ բարձրացավ, մարդիկ սկսեցին նեղսրտել, ինչը լավ է։ Գոնե վերջապես հասկացան, որ նման բան պետք է չլինի ցանցում։ Կայքը փակվել է, բայց խնդիրը չի փակվել։ Հարց է առաջանում, թե երբ է լինելու հաջորդ արտահոսքը։ Մենք այդպես էլ  չիմացանք, թե դա որտեղից է դուրս եկել։ Ահռելի թվով կազմակերպություններ ունեն մեր անձնական տվյալները, եւ նորմալ կարգավորում չկա, ով ուզես կարող է մտնել, տանել»,- ասաց մեդիափորձագետը։

Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ Արդարադատության նախարարությունը պատրաստում է անձնական տվյալների նոր նախագիծ, որում գոյություն ունի վիճելի մի կետ՝ կան տվյալներ, որոնք չպետք է պաշտպանվեն, օրինակ՝ քաղաքացու անուն-ազգանունը։

«Անձնական տվյալ համարվում է այն տվյալը, որով մարդուն կարելի է իդենտիֆիկացնել, Կարծում եմ՝ մարդու անուն-ազգանունը, ծննդյան թիվը եւ հասցեն մարդուն իդենտիֆիկացնող տվյալներ են։ Ցավոք սրտի, ըստ նոր նախագծի՝ դրանք չեն համարվում պաշտպանվող տվյալներ»,- ասաց մեդիափորձագետը։

Նշենք, որ «inchka.am»-ը տվյալների բազա էր, որտեղ հեռախոսահամարով կարելի էր գտնել մարդու անուն-ազգանունը, բնակության հասցեն, իսկ մեքենայի պետհամարանիշներով գտնել, թե ում է պատկանում մեքենան։ Կայքն այլեւս չի գործում։