Ստեփանակերտում ադրբեջանցի դիվերսանտների դատավարության կապակցությամբ Twitter սոցիալական ցանցում «Փրկենք ադրբեջանցի պատանդներին» թեմայով աղմուկ բարձրացնելու ադրբեջանցիների փորձը ձախողվել է։ Այսօր՝ նոյեմբերի 3-ին, այս մասին լրագրողներին հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Թեման չգնաց, պայթեցրին, բայց այդ պայթյունը իրենց կաթսայի մեջ մնաց, ու հիմա գրառումներ չեն էլ անում, 2 օր գրեցին, հետո նվազեց, գնաց»,- ասաց փորձագետը։
Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից հայկական կայքերի վրա կիբերհարձակումներին՝ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ վերջին 2 ամիսներին կատարվել է 100-150 հարձակում, որոնք լուրջ չեն եղել։
Փորձագետը լուրջ հարձակում համարեց միայն «Կենտրոնական բանկի» ենթակայքի եւ «Արարատ» բանկի կայքերի վրա հարձակումը, ինչի մասին բանկի հաճախորդները չեն տեղեկացվել։
«1-ին էջի վրա տեղադրվել է նկար, բայց դա չի նշանակում, որ ադրբեջանցիները անպայման կարողացել են ներս թափանցել եւ ինչ-որ տվյալներ ստանալ, բայց դա նաեւ չի էլ բացառվում։ Հանրությունը գոնե պետք է տեղեկացվի այդ հարձակումների մասին։ Ես կարծում եմ, որ դա կարեւորագույն խնդիրներից մեկն է»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ ընդհանրապես, կայքերը, որոնք տիրապետում են լուրջ տեղեկատվության, չեն տեղեկացնում իրենց վրա հարձակումների մասին։
«Կան կայքեր, որոնք զբաղվում են էլեկտրոնային առեւտրով, այդ կայքերը տեսականորեն իրենց շտեմարաններում ունեն մեր մասին ինչ-որ տեղեկատվություն՝ ընդհուպ մինչեւ քարտի տվյալները, եթե մենք այդտեղ առեւտրով ենք զբաղվել։ Կան բանկային կայքեր, որոնք նույնպես պարունակում են անհատական տվյալներ, որոնք պետք է գաղտնի լինեն։ Վերջին 2 ամսվա մեջ կարելի է արձանագրել, որ հարձակման են ենթարկվել մի քանի նմանատիպ կայքեր։ Ցավոք սրտի, մեզ մոտ չի ձեւավորվել այն մշակույթը, որ կայքի ադմինիստրացիան առաջինը հայտարարի, որ իրենց վրա եղել է հարձակում, երկրորդը՝ իրազեկի բնակչությանը, որ եղել է տվյալների արտահոսք, եւ եթե եղել է, ինչ անել։ Դա աշխարհում նորմա է, որը շատ երկրներում օրենքով է նաեւ նորմավորված, դա նաեւ մշակույթի մի մաս է, երբ մարդուն տեղյակ են պահում, որ իր մասին տվյալները հայտնվել են 3-րդ տեղում կամ գոնե ասում են, որ մեզ կոտրել են, բայց տվյալների արտահոսք չի եղել։ Երեւի թե հանրությունը պետք է պահանջի, որպեսզի տվյալների նմանատիպ հարձակումների մասին մարդիկ իրազեկ լինեն»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։





























