Հայաստանի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը  շարունակում է ինքնաշատրվանող ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման եւ կարգաբերման աշխատանքները:

Վերջին երեք ամիսներին իրականացված միջոցառումների ժամանակ Արարատյան արտեզյան ավազանում խնայվել է 16000լ/վ ջուր, ինչի արդյունքում որոշ տնտեսվարողների մոտ արձանագրվել է ինքնաշատրվանող հորերի ջրթողունակության ավելացում:

Ինքնաշատրվանող հորերի ջրի ավելացման պատճառով Արաքս համայնքի տնտեսվարողներ Հովակիմ Հովակիմյանը եւ Համբարձում Սարգսյանը դիմել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների  կառավարման գործակալություն եւ Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն` իրենց տնտեսություններում հորերի կարգաբերման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Մոնիթորինգի եւ ստուգումների արդյունքում Արաքս համայնքի  տնտեսվարող Հովակիմ Հովակիմյանի տնտեսությունում խորքային հորից  ջրաելքը  կազմել է 61լ/վ, այն դեպքում, երբ չորս ամիս առաջ եղել է 35լ/վ: Փականային եղանակով կարգաբերման  արդյունքում ջրառն իջեցվել  է տնտեսության ջրօգտագործման թույլտվությունում սահմանված չափաքանակի:

Ջրառատ համայնքի տնտեսվարող Վարդանիկ Պողոսյանի տնտեսությունում իրականացվել է ինքնաշատրվանող  խորքային հորի չափագրման աշխատանքներ, ինչի արդյունքում արձանագրվել է 58 լ/վ ջրաքանակ: Մի քանի ամիս առաջ վերոհիշյալ տնտեսության խորքային հորի ջրթողունակությունը եղել է 32լ/վ:

Արաքս համայնքի տնտեսվարող Համբարձում Սարգսյանի տնտեսությունում իրականացրած չափագրման արդյունքում արձանագրվել է, որ  ջրերի ավելացման հետեւանքով ինքնաշատրվանող  խորքային հորի նախկին՝ 29 լ/վ ջրթողունակությունը հասել է 36լ/վ-ի: