Ամերիկյան Մերիլենդ նահանգի Քոլեջ Փարկի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են դեպրեսիան եւ այն, թե ինչպես կարող է այն արտահայտվել: Այսպես, հետազոտողները կարողացել են ծրագիր մշակել, որն ունակ է դեպրեսիան բացահայտել մարդու ձայնի մեջ:
Սարքի մշակմամբ զբաղվել է գիտնականների խումբը՝ դոկտոր Քարոլ Էսփի-Վիլսոնի գլխավորությամբ: Նրանք որոշել են պարզել, թե ինչպես է դեպրեսիան արտահայտվում մարդու ձայնի եւ պահվածքի մեջ: Նրանք հիմնվել են 2007 թվականին անցկացված հետազոտության տվյալների վրա:
Ուսումնասիրության արդյունքներն ապշեցուցիչ են: Գիտնականներին հաջողվել է տարբերություն գտնել առողջ եւ դեպրեսիա ունեցող մարդկանց ձայնի եւ պահվածքի մեջ:
Պարզվում է՝ նույնիսկ ամենից աննշան հոգեկան խանգարման դեպքում հիվանդները խոսել են դանդաղ, ընդհատումներով: Նման մարդկանց ձայնն անգամ տարբերվել է. խոսքը նյարդային է եղել եւ ավելի կոպիտ:
Ըստ Informing-ի, հետազոտողներն առավել մեծ ուշադրություն են դարձրել դեռահասնելի մոտ առաջացած այդ խնդրին ու դրա հետեւանքներին՝ ընդգծելով, որ կեսից ավելիի դեպքում հետեւանքներն անդառնալի են լինում: Այդ պատճառով գիտնականների կարծում են, որ իրենց մշակումն առավել օգտակար կլինի դեռահասների էմոցիոնալ անկայունության դեմ պայքարում:
Գիտնականները նաեւ հույս են հայտնել, որ ապագայում նման ծրագիր հնարավոր կլինի տեղադրել ցանկացած բջջային հեռախոսում, որի օգնությամբ մարդն ինքը կկարողանա որոշել դեպրեսիայի առկայությունը:




























