Վանաձորում հոկտեմբերի 12-ին դանակահարության պատճառով մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանի գործով կալանավորված՝ Լոռու մարզի գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին NEWS.am-ին ասաց մեղադրյալի փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ, մասնավորապես ռենտգեն հետազոտության եւ էլեկտրասրտագրության անհրաժեշտություն այդ պահին չի եղել:

«Փորձագետները դա են նշել՝ որպես պատճառ երեխայի մահվան, բայց այդ ռենտգենն ու էլեկտրասրտագրությունը որեւէ օգուտ չէին տալու հիվանդին: Մենք դատարանում էլ ենք դա հիմնավորելու: Ինչ վերաբերվում է ձախակողմյան ախտորոշիչ կրծքավանդակահատմանը (թորակոտոմիային), ապա բժիշկն այդ պահին ճիշտ է համարել այլ մեթոդի կիրառումը, որն ի դեպ, նա նախկինում էլ է կիրառել»,- ասաց փաստաբանը:

Ռուբեն Հակոբյանը նշեց, որ Լոռու գլխավոր վիրաբույժը հրաժարվել է ցուցմունք տալուց, որովհետեւ չի վստահել նախաքննական մարմնին. «Մենք շատ միջնորդություններ ունենք, որոնք անելու ենք դատաքննության ընթացքում եւ ապացուցելու ենք, որ Վլադիմիր Ղուկասյանը մեղավոր չի եղել»:

Նշենք, որ Վլադիմիր Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության՝ 2013թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 19.35-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի բնակիչ, 15-ամյա Դավիթ Հովակիմյանը՝ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ: Նույն օրը ժամը 22.00-ի սահմաններում Դ. Հովակիմյանը հիվանդանոցում մահացել է: Հոկտեմբերի 13-ին, ժամը 01.50-ին սպանությունը կատարելու կասկածանքով իր բնակարանից բերման է ենթարկվել 1991թ. ծնված, նախկինում դատապարտված Կարեն Կ.-ն՝ «Քուրդ» մականունով: Պարզվել է, որ նա հոկտեմբերի 12-ին ժամը 19.20-ի սահմաններում Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցի հարեւանությամբ գտնվող այգում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Դ. Հովակիմյանին, որից հետո վերջինս հիվանդանոցում մահացել է: Գործն արդեն դատարանում է: Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար: