Բոլոր  մարզերում ԴԱՀԿ-ն կունենա քաղաքացիների սպասարկման գրասենյակ: Այս մասին նշվել է ՀՀ հարկադիր կատարման ծառայությունում տեղի ունեցած աշխատանքային  խորհրդակցության ժամանակ, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը:

Ըստ օրակարգի՝ քննարկվել է Հարկադիր  կատարման ծառայության բոլոր մարզային բաժիններում  եւ  բաժանմունքներում քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակների բացման հարցը: Այդ գրասենյակները կոչված են արագ եւ կենտրոնացված ծառայություններ մատուցել քաղաքացիներին՝ նվազագույնի հասցնելով քաղաքացի-հարկադիր կատարող շփումը:

Հարկադիր  կատարման ծառայության բոլոր մարզային  բաժինների եւ  բաժանմունքների  ղեկավարները  զեկուցել են մարզային ստորաբաժանումների աշխատանքային ծանրաբեռնվածության  մասին: Միհրան Պողոսյանն արդյունավետ է գնահատել 2014 թվականի փետրվարից գործող Երեւան քաղաքի վարչական ակտերով բռնագանձումների բաժնի` քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքը եւ անհրաժեշտ համարել նման գրասենյակների ստեղծումը մարզերում:

ՀՀ գլխավոր  հարկադիր կատարողը հանձնարարականներ  է տվել  Երեւան քաղաքի վարչական ակտերով բռնագանձումների, Անձնակազմի կառավարման, Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման եւ համակարգման բաժինների պետերին՝ մեկշաբաթյա ժամկետում մշակել եւ ներկայացնել համապատասխան ծրագիր՝ սպասարկման գրասենյակի մայրաքաղաքի հաջողված փորձը մարզերում եւս կիրառելու  նպատակով:

Նախատեսվում է, որ ծրագրի մեկնարկը կտրվի Արագածոտնի, Արարատի եւ Արմավիրի մարզերից:  ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հանձնարարականով կկազմվի ժամանակացույց, համաձայն որի՝ յուրաքանչյուր ամիս մեկ մարզ կընդգրկվի ծրագրում: