Պահեստազորի գնդապետ, խարդախության մեղադրանքով 6.5 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի կինը՝ Մարգարիտա Բաղրամյանը, հույս չունի, որ Վճռաբեկ դատարանը կբեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարգարիտա Բաղրամյանը:
«Հույս չունեմ, որ որեւէ բան կփոխվի. ոնց հրամանը տվել են, նենց էլ կմնա: Իրանց ձեռք չէր տալիս, որ Վոլոդյան պայքարի էր դուրս եկել, դրա համար էլ ձերբակալվեց»,- ասաց նա:
Տիկին Մարգարիտան չի վճարելու դատարանի վճռով 2000 դոլարի փոխհատուցումը, որը պետական բյուջե է գնալու:
«Ինչի՞ համար վճարեմ, թող ինքը դուրս գա, վճարի: Ես ո՞ր երեխուն ասեմ՝ հաց մի կեր, որ վճարեմ, կամ ո՞ւմ վճարեմ, պետությա՞նը»,-ասաց տիկին Մարգարիտան՝ նշելով, որ ցանկության դեպքում էլ վճարելու հնարավորություն չունի:
Վոլոդյա Ավետիսյանի կնոջ խոսքով՝ ամուսնուն դատավարության սկսվեցին ճնշումները ազատամարտիկների նկատմամբ, այդ պատճառով, ազատամարտիկներն սկսեցին դատերին ավելի քիչ մասնակցել, բողոքի ակցաներ չանել:
Տիկին Մարգարիտան նշեց, որ իրենց 13 հոգանոց ընտանիքն այժմ միայն թոշակով է ապրում. «Յոլա ենք գնում, էդ ապրել չի»:
Մարգարիտա Բաղրամյանը պատմեց, որ առողջական խնդիրներով բանակ զորակոչված որդու՝ Ավետիս Ավետիսյանի վիճակն այժմ էլ լավ չի, նա բանակում բուժվում է:
«Խոցը էլի ցավում է, զոբ ունի, ոչ մի բան էլ չի անցել: Հիմա որ էդ անալիզներն էլ տանեմ, ցույց տամ, ոչ մի բան չի փոխվի, չեն հավատա, որ էդ երեխեն հիվանդ է»,- ասաց տիկին Մարգարիտան:
Վոլոդյա Ավետիսյանի 3 անչափահաս երեխաներն էլ, մոր խոսքով, ծանր են տանում հոր հետ բաժանումը, կարոտում են։
«Սվետիկը արդեն դատարանից հասկացել է, որտեղ է հայրը գտնվում: Մի անգամ հարցազրույցից հետո ասեցի՝ էլի հարցազրույց կտա՞ս, ասեց՝ պապայիս նման մեզ էլ կփակեն: Շատ են կարոտում հորը, դե փոքր են, չեն հասկանում»,- պատմեց Վոլոդյա Ավետիսյանի կինը:
Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է գտնվում:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Նրան առաջին ատյանի դատարանը դատապարտել է 6 տարի, 6 ամիս ազատազրկման։ Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։




























