Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով այս տարվա հուլիսի 26-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի պաշտպանական դիրքերից մեկում զոհված 19-ամյա Խաչատուր Բադասյանի ծնողները նոյեմբերից պետությունից ստանալու են ամսական 30 հազար դրամ՝ որպես օգնություն: Այս մասին NEWS.am-ին ասաց Տավուշի մարզի Հաղթանակ համայնքի ղեկավար Վահրամ Շառոյանը, ում համագյուղացին էր 19-ամյա Խաչատուրը:

Գյուղապետի խոսքով՝ Տավուշի զինկոմիսարիատն արդեն բոլոր փաստաթղթերն ուղարկել է պաշտպանության նախարարություն ու այս ամիս արդեն Խաչատուրի մայրը կստանա գումարը:

«Դեպքից հետո պետությունը, տարբեր կազմակերպություններ օգնեցին, գումար հատկացրին, հիմա արդեն տուն ունեն, մնում է վերանորոգել: Սոցիալական խնդիրները կամաց-կամաց լուծվում են, մենակ թե վերքը չի սպիանում»,- ասաց գյուղապետը:

Նշենք, որ Խաչատուր Բադասյանի ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում: 

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր, որ հուլիսի 26-ին, հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան ուղություններով ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում վերջիններս ժամանակին հայտնաբերվել եւ, կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ եւ սպառազինություն, հետ էին շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողությունների արդյունքում հրազենային մահացու վիրավորում էր ստացել զինծառայող, 1994թ. ծնված Խաչատուր Լեւոնի Բադասյանը: