Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանին Վայոց ձորի մարզպետ նշանակելու առաջարկը արվել է կուսակցության կողմից, ինքն էլ ընդունել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հարություն Սարգսյանը:

Թե որ առավելության համար է նրան նման առաջարկ արվել, քաղաքապետը խորհուրդ է տալիս դիմել առաջարկողներին եւ համեստություն անելով կանխատեսում՝  երեւի աշխատանքի, երեւի փորձի: Հարություն Սարգսյանը վստահեցնում է, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ որեւէ ազգակցական, բարեկամական կապ չունի:

Նա նշեց, որ մարզում իրականացնելու է Կառավարության ծրագիրը, ծանոթանալու է խնդիրներին, ըստ այդմ՝ քայլեր է ձեռնարկելու: Ապագա մարզպետը վստահեցրեց, որ կադրային ջարդ չի անելու, ինչպես քաղաքապետարանում չի արել:

Նա վստահեցրեց, որ կշարունակի նախորդ մարզպետ Էդգար Ղազարյանի գործը, կփորձի պահել, պահպանել եւ ավելացնել  եղածը: Մարզը ղեկավարելու հարցում էլ եթե խորհրդի կարիք ունենա, դիմելու է թե նախորդ մարզպետին, թե այլ գործընկերների:

Թե ինչպես կլինի նրա ԲՀԿ-ի հետ հարաբերությունները, օրինակ՝  Եղեգնաձորի ԲՀԿ-ական քաղաքապետի հետ (նախորդ մարզպետ Էդգար Ղազարյանի հարաբերությունները ԲՀԿ-ի հետ, մեղմ ասած, լավ չէին),  Հարություն Սարգսյանն ասաց, որ որեւէ խնդիր չկա, քաղաքապետի հետ հարաբերությունները լավ են, «եթե ժողովուրդը  մարդուն ընտրել է, ի՞նչ է նշանակում խնդիրներ լինի նրա հետ»:

Հարություն Սարգսյանը Վայքը ղեկավարել է շուրջ 6 տարի, նրա մարզպետ նշանակումից հետո համայնքում նոր ընտրություններ կնշանակվեն:

Նշենք, որ Հարություն Սարգսյանը Վայոց Ձորի մարզպետ է  նշանակվելու վաղը՝ նոյեմբերի 6-ին, կառավարության նիստի ժամանակ: