Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուի մաս կազմող 15-18-րդ դդ. թվագրվող ալեգորիկ պատկերով ֆլանդրիական անհայտ վարպետի կողմից ստեղծված գոբելենը պատկերասրահի հավաքածուում ընդգրկվել է 1930 թվականին, Պետական Էրմիտաժից (Սանկտ Պետերբուրգ): Գոբելենի մակերեսը տարիների ընթացքում երկարատեւ օգտագործման հետեւանքով ամբողջո¬վին մաշվել եւ կեղտոտվել էր, այն ուներ խոնավության, ինչպես նաեւ վերականգնման եւ ամրակայման անհաջող փորձերի հետքեր, վնասված ու պատռված հատվածներ, ինչի հետեւանքով խիստ քայքայվել էր եւ ուներ վերականգնման կարիք։

ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ` 2014 թվականին գոբելենը վերականգնվել է Փարիզում։ Վերականգնման աշխատանքներն իրականացրել է «Մոբիոժ Տապի» ընկերությունը, արդյունքում՝ նշված խնդիրները վերացվել են, ցուցանմուշը վերականգնվել եւ կոնսերվացվել է:

Այս կարեւոր նախաձեռնության հովանավորներն են Մուշեղ Չալոյանը եւ «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությունը։

Վերականգնված գոբելենը հանրությանը ներկայացվել է ս. թ. նոյեմբերի 5-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում: