Ֆրանսիան Լիբանանին ռազմատեխնիկա կտրամադրի: Մատակարարումները կսկսվեն հաջորդ տարվա առաջին եռամսյակում: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը:

Նախօրեին Փարիզն ու Էր-Ռիադը Լիբանանի բանակին զենք մատակարարելու մասին պայմանագիր են կնքել: Երեք միլիարդ դոլար արժողությամբ ծրագիրը ֆինանսավորում է ստացել Սաուդյան Արաբիայի նվիրատվության շնորհիվ: Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի խոսքով՝ պայմանագիրը կնպաստի լիբանանյան բանակի ամրապնդմանն ու ամբողջականության եւ կայունության երաշխիք կդառնա՝ լիբանանյան իշխանություններին հնարավորություն ընձեռելով պաշտպանել իրենց տարածքն ու պայքարել ահաբեկչության դեմ:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Ֆրանսիայի պաշտպանության նախարարության աղբյուրը հայտնել է, որ Փարիզը Լիբանան է ուղարկելու, մասնավորապես, ռազմական եւ տրանսպորտային ուղղաթիռներ, զրահատեխնիկա, հակատանկային հրթիռներ եւ ծանր հրետանի:

Մատակարարումները կատարվելու են երեք տարվա ընթացքում, իսկ ֆրանսիական մասնագետները տասը տարի շարունակ օգնելու են լիբանանյան զինվորականների պատրաստմանը:

Լիբանանի Տրիպոլի քաղաքում իրավիճակը սրվեց հոկտեմբերին, երբ բանակի եւ ահաբեկիչների միջեւ թեժ մարտեր բռնկվեցին քաղաքային հին շուկայի շրջանում եւ Մինյե թաղամասի մերձակայքում: Ծայրահեղականներն ակտիվացան զինյալների առաջնորդներից մեկի՝ Ահմեդ Սելիմ Միկատիի եւ նրա ավելի քան մեկ տասնյակ կողմնակիցների ձերբակալությունից հետո: