Մենք ժառանգել ենք սովետական քրեակատարողական հիմնարկներ, սակայն որդեգրել ենք նոր ՔԿՀ-ների կառուցման քաղաքականություն: Այս մասին, նոյեմբերի 5-ին կայացած «Ցմահ ազատազրկման եւ անչափահասների արդարադատության եվրոպական քրեական իրավունքի չափորոշիչները» թեմայով սեմինարի ժամանակ նշել է Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ու Հայաստանի հելսինկյան կոմիտեի կազմակերպած միջոցառման նպատակն էր ներկայացնել ցմահ ազատազրկման դատապարտվածներին եւ անչափահասներին առնչվող քրեական իրավունքի վերաբերյալ միջազգային լավագույն փորձը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը  ողջունել է ներկաներին եւ նշել, որ նախարարությունը շատ է կարեւորում արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Նրա խոսքով՝ արդիականացման լայնածավալ աշխատանքներ են տարվում Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերի բարեփոխման ուղղությամբ:

Խոսելով պատժի նպատակներից՝ նախարարի տեղակալն ասել է, որ այն պետք է ուղղված լինի դատապարտվածին ազատության նախապատրաստելուն, որի արդյունքում անձը  ազատություն կվերադառնա որպես հասարակության լիարժեք անդամ:

«Մենք ժառանգել ենք սովետական քրեակատարողական հիմնարկներ, սակայն որդեգրել ենք նոր ՔԿՀ-ների կառուցման քաղաքականություն. շուտով կբացվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը»,- տեղեկացրել է Սուրեն Քրմոյանը: Նրա խոսքով՝ նախարարությունն իր առջեւ նպատակ է դրել նաեւ համադրելի դարձնել դատապարտյալների եւ տուժողների իրավունքները, որի նպատակով Հայաստանում կներդրվի պրոբացիոն ծառայություն. արդյունքում հայ հասարակությունում կարմատավորվի հաշտեցման ինստիտուտը եւ  հանդուրժողականությունը կդառնա սոցիալական վարքականոն: