Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտվածներն իրենց գործերը լուրջ վերանայելու անհրաժեշտություն ունեն: Այս մասին, նոյեմբերի 5-ին կայացած «Ցմահ ազատազրկման եւ անչափահասների արդարադատության եվրոպական քրեական իրավունքի չափորոշիչները» թեմայով սեմինարի ժամանակ նշել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Մարդու իրավունքների ծրագրի պատասխանատու Ռադկա Ռուբիլինան:
Նրա խոսքով՝ իրենց գրասենյակն օժանդակում է ընթացիկ իրավական եւ դատական բարեփոխումներին եւ նպատակ ունի աջակցել քրեական արդարադատության արդյունավետության բարձրացմանը:
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանը սերտ եւ արդյունավետ համագործակցության համար եւ նշել, որ այն հիմնված է փոխվստահության վրա:
Քրեական իրավունքի մասնագետ Գորան Շիմիչը սեմինարի մասնակիցներին է ներկայացրել քրեական իրավունքում պատիժների ընկալման եւ դրանց նպատակների վերաբերյալ զեկույցը եւ կարեւորել պատժի ու հանցագործության կանխարգելման նպատակները: Նրա խոսքով՝ պատիժը պետք է խարսխված լինի դատապարտյալների վերասոցիալիզացիայի եւ մյուս քաղաքացիների պաշտպանվածության գիտակցության համադրության վրա:
Սեմինարին մասնակցել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:




























