Պետականորեն չհավատարմագրված բուհերի շրջանավարտները ավարտական քննությունները վերահանձնելու եւ պետական նմուշի դիպլոմ ստանալու նոր հնարավորություն կստանան: Որոշումն ընդունվել է այսօր՝ նոյեմբերի 6-ին, կառավարության նիստի ընթացքում: Նախկինում չհավատարմագրված  եւ հետո փակված բուհերում ոսումնառություն ստացած ուսանողները կարող են հանձնել պետական քննություն եւ ստանալ պետական նմուշի դիպլոմ: Թե որ բուհում են անցկացվելու այդ քննությունները եւ երբ, կորոշի կրթության եւ գիտության նախարարությունը: Գերատեսչության ղեկավար Արմեն Աշոտյանը ընդգծեց, որ նշված կարգը գործում է նաեւ հիմա, եւ կառավարությունն այն կերկարաձգի մինչեւ 2016-2017թ. ուս տարի:

«Նախկինում նման բուհերում սովորած եւ այն ավարտելու մասին հաստատող նշանակություն չունեցող թղթի կտորներ ստացած մարդիկ այսօր հայտնվել են կոտրած տաշտակի առաջ: Հանուն արդարության պետք է նշել, որ նրանց շարքում կան նաեւ իսկապես սովորած մարդիկ: Վերջին ժամանակներս մենք շատ դիմումներ ենք ստացել, որ ոչ բոլորն են տեղյակ վերահանձնման հնարավորություններին: Եվ նրանց համար էլ երկարեցնում ենք ժամանակահատվածը», - ասաց Աշոտյանը: