Արագածոտնի մարզի Եղնիկ գյուղի մոտ 100 բնակիչներ, որոնք այսօր՝ նոյեմբերի 6-ին, փակել էին Երեւան-Գյումրի մայրուղին՝ պահանջելով լուծել գյուղի խմելու ջրի խնդիրը, միայն 5 ժամ անց բացեցին այն, երբ դեպքի վայր ժամանած մարզպետ Սարգիս Սահակյանը նրանց հրավիրեց մարզպետարան՝ քննարկելու խնդիրը: (ֆոտոռեպորտաժ)

Գյուղի բնակիչները մարզպետին վրդովմունքով ընդունեցին, հայտարարեցին, որ չեն հավատում խնդիրը լուծելու նրա խոստումներին։

 «Հիմարի տեղ ես դրել, ծաղրում ես մարդկանց: Ջուր տուր, ապրելակերպ ստեղծի»,- նրան դիմեցին վրդովված բնակիչները:

Գյուղացիների խոսքով՝ հարեւան Շղարշիկ համայնքի բնակիչները թույլ չեն տալիս, որպեսզի եղնիկցիները նույնպես օգտվեն այն աղբյուրի ջրից, որը պետք է սնուցի երկու համայնքներին:

Մարզպետը նրանց վստահեցրեց, որ Շղարշիկ համայնքի բնակիչները միայն ջրի մի մասն են օգտագործում եւ Եղնիկ համայնք մեծ քանակությամը ջուր է հասնում։ Եղնիկցիները, սակայն, վստահեցրին, որ արդեն մեկ տարի Շղարշիկի բնակիչները պարբերաբար կոտրում են ջրի նոր անցկացված խողովակները, որպեսզի Եղնիկ ջուր չհասնի, ինչի հետեւանքով Եղնիկը արդեն նորմալ ջրամատակարարում չունի։ Մինչեւ այդ էլ, անկախացումից ի վեր, Եղնիկում նորմալ ջրամատակարարում չի եղել հին խողովակների պատճառով։

Մարզպետ Սարգիս Սահակյանը, ի վերջո, կարողացավ բնակիչներին համոզել իր հետ գնալ մարզպետարան, որտեղ երկու գյուղերի բնակիչների միջեւ քննարկում կկայանա:

Բնակիչները թեւ թերահավատորեին էին մոտենում մարզպետի խոստումներին եւ նշում էին, որ նա կրկին «փափուկ բարձ է դնում իրենց գլխի տակ», համաձայնեցին հանդիպման առաջարկին՝ նախազգուշացնելով, որ եթե խնդիրը լուծում չստանա, նորից ճանապարհ կփակեն, կամ կհավաքվեն Երեւանում՝ կառավարության շենքի մոտ։

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am