Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերը այսօր՝ նոյեմբերի 6-ին, նախագահական նստավայրի մոտ հայտարարեցին, որ հացադուլ կսկսեն, եթե Սերժ Սարգսյանը չարձագանքի իրենց պահանջներին:

«Մենք միշտ էլ այստեղ հավաքվելու ենք ու նստացույց անենք: Եթե այդ կերպ հարցը չլուծվեց, դիմելու ենք նաեւ հացադուլի: Ու հենց այստեղ՝ նախագահական նստավայրի դիմաց: Իմ երեխուն ուղարկել եմ Ղարաբաղ, որ սահմանները պահի, չեն էլ թողել, որ պահի, սպանել են»,- NEWS.am-ին ասաց Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը:

Զինվորների մայրերի խոսքով՝ իրենք 5 ամիս առաջ հանդիպել են վարչապետի հետ, որը նրանց խոստացել է հանդիպում կազմակերպել Սերժ Սարգսյանի հետ:

«Երբ մենք հանդիպեցինք վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ եւ ներկայացրեցինք մեր տղաների սպանությունների մասին հանգամանքները, ինքը ասեց, որ ես ամեն ինչ կանեմ, որ դուք հանդիպեք գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանի հետ: Անցել է ուղիղ հինգ ամիս, գոնե մեկ անգամ 10 րոպեով ինքը ընդունի, ասի՝ էս ծնողների ուզածն ի՞նչ է»,- NEWS.am-ին ասաց մահացած  Արթուր Ղազարյանի մայր՝ Իրինա Ղազարյանը:

Նշենք, որ արդեն մի քանի տարի է` խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերը նիստերի օրերին հավաքվում են կառավարության շենքի մոտ՝ պահանջելով արդարացիորեն քննել իրենց երեխաների գործը եւ պատժել մեղավորներին, սակայն որեւէ արդյունքի չեն հասել։