Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ  Սամվել Գրիգորյանը մերժել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումը, որով օմբուդսմենը խնդրում էր զինվորական ծառայության ժամանակ մահացած Արման Մուրադյանի դատական գործը քննել ոչ թե Ստեփանակերտում, այլ ՀՀ տարածքում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, NEWS.am-ին ասաց Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը:

«Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ  Սամվել Գրիգորյանը պատասխանել է, որ գործը քննվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ արտագնա դատական նիստեր անցկացնելու հնարավորությամբ»,- ասաց Հովսեփ Մուրադյանը։

Մահացած զինվորի հոր խոսքով, մի քանի դատական նիստեր արդեն կայացել են Լեռնային Ղարաբաղում, սակայն ինքը ոչ մի անգամ չի մասնակցել այդ նիստերին:

«Ոմն դատավոր Մնացականյանը առանց տուժող կողմի ներկայության դատական մի քանի նիստ է անցկացրել: Էսօր էլ ստացել եմ ծանուցագիր, որ պետք է մասնակցեմ Ղարաբաղում դատական նիստերին, բայց ես բազմիցս ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղում ես դատական նիստերին չեմ մասնակցելու։ Ես ապրում եմ Թալինում, ու ինձ համար ավելի մոտ ա Թուրքիա, քան Ղարաբաղ հասնելը։ Ես պահանջում եմ, որ գործը քննեն Թուրքիայում»,- ասաց Հովսեփ Մուրադյանը։