Ամերիկացի կոնգրեսականները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարությանը կրկին կոչ են արել հետ գնել ֆրանսիական երկու «Միստրալ» տեսակի ուղղաթիռակիրները, որոնք նախատեսված են Ռուսաստանի համար: Ուղղաթիռակիրները գնելու ծրագրեր ունի նաեւ Կանադան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի իշխանությունները նոյեմբերի 6-ին կրկին անգամ հայտարարել են, որ առաջին Միստրալը Ռուսաստանին փոխանցելու պայմաններ դեռեւս չկան: «Գիտակցելով այն ֆինանսական բեռը, որը կարող է կրել Ֆրանիան, եթե արդարացիորեն հրաժարվի նավերը Ռուսաստանին հանձնելուց, մենք կրկին կոչ ենք անում ՆԱՏՕ-ին գնել կամ համատեղ օգտագործման համար վարձակալության վերցնել ուղղաթիռակիրները», - աղբյուրը մեջբերում է ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի 8 անդամների կողմից դաշինքի ղեկավար Իեն Սթոլթենբերգին ուղղված նամակից մի հատված:

Կոնգրեսականները նշում են, որ ՆԱՏՕ-ի կողմից այս քայլը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ցույց կտար, որ դաշինքը «մտադիր չէ հանդուրժել կամ աջակցել Եվրոպայում իր վտանգավոր գործողությունները»:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 30-ին հայտարարել էին, որ երկու «վիճելի» Միստրալ տեսակի ուղղաթիռակիրներից առաջինի՝ Ռուսաստան առաքելու համար պայմաններ դեռեւս չկան: