Վաշինգտոնն Ուկրաինային առաջարկել է հետախուզական երեք անօդաչու օդանավ ձեռք բերել՝ ընդհանուր 3 մլն դոլար արժողությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Մոսկվայի դիվանագիտական աղբյուրը:
«Այս անօդաչու սարքերը կարող են որոշել ցամաքային օբյեկտների ճշգրիտ կոորդինատները եւ իրական ժամանակի ռեժիմով հարվածող միջոցներին փոխանցնել դրանց գտնվելու վայրը՝ դրանք ոչնչացնելու համար: Եթե գործարքը կնքվի, անօդաչու թռչող սարքերը կարող են օգտագործվել Ուկրաինայի հարավ-արեւելքում», - իր աղբյուրի խոսքերն է մեջբերում գործակալությունը:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ ԱՄՆ-ն ծրագրում է նաեւ մինչեւ տարեվերջ կազմակերպել ուկրաինացի զինվորականների նախապատրաստման հատուկ դասընթացներ: «Դասընթացները տեղի են ունենալու Լվովի մարզի Յավորովի պոլիգոնի տարածքի Ստարիչի կենտրոնում, պարապմունքները վարելու են ամերիկացի մասնագետները», - աղբյուրի խոսքերն է մեջբերում գործակալությունը:




























