Սեդրակ Զատիկյանին սպանելու մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբի) եղբորորդի Ստեփան Հակոբյանի առողջական վիճակը համեմատաբար նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ՀՀ ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:

Նա նեշց, որ օրերս վերջինս տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ, գտնվում է կալանավայրի բուժմասում, բժիշկների հսկողության ներքո շարունակում է բուժումը:

Ստեփան Հակոբյանի փաստաբան Երեմ Սարգսյանից NEWS.am-ը տեղեկացավ, որ այս պահին վերջնական որոշում չկա՝ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, թե ոչ:

Հիշեցնենք, որ Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի տղան՝ 26-ամյա  Սեդրակ Զատիկյանը սպանվել է 2006թ. հունիսի 22-ին` ժամը 14:45-ի սահմաններում, Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում՝ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցների հետեւանքով, նույն վայրում կրակոցներից մահացել է նաեւ անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը: Զատիկյանը  մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Ստեփան Հակոբյանը մեղադրվում է Նարեկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ Սեդրակ Զատիկյանի սպանությունը Արսեն Առուշանյանին պատվիրելու համար։ Վերաքննիչ դատարանը մերժել է բեկանել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Հակոբյանին դատապարտելու վերաբերյալ կայացրած վճիռը եւ նրան չի արդարացրել: Մյուս կողմը եւս դիմել էր Վերաքննիչ դատարան՝ պահանջելով ցմահ ազատազրկում Ստեփան Հակոբյանի նկատմամբ, այդ դիմումը եւս մերժվել է: Վճռաբեկ դատարանը դիմումը վարույթ չէր ընդունել: