Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի եղբայրը՝ Ռուբեն Մկրտումյանը, նախագահ Սերժ Սարգսյանին բաց նամակ է ուղարկել, որում իր եղբոր օրինակով հիմնավորում է Հայաստանի դատական համակարգի կոռումպացված լինելը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուբեն Մկրտումյանը:

«Մեր քաղաքում արդեն վաղուց գաղտնիք չէ, որ ամենակոռումպացված համակարգը դատական համակարգն է, որի մասին 2013թ. իր զեկույցում նշել է ՀՀ օմբուդսմենը: Հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի նախագահի անսահման իշխանությունը բոլոր դատարանների որոշումների նկատմամբ, օմբուդսմենն այն անվանեց «հանցագործ զոնալ համակարգ»,- ասաց Ռուբեն Մկրտումյանը՝ ավելացնելով, որ մեկ շաբաթ առաջ նամակը փոխանցել է նախագահի մամուլի գրասենյակ, իսկ այս շաբաթ նամակի անգլերեն տարբերակը փոխանցելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարությանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահին, Եվրոպական Խորհրդի գլխավոր քարտուղարին եւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» համաշխարհային հակակոռուպցիոն կազմակերպության նախագահին:

Նախագահին ուղղված նամակում Մկրտումյանը իր եղբորն անվանել է «մեծամիտ եւ ամբարտավան», որն անսահման սեր ունի փողի, անշարժ գույքի նկատմամբ եւ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում նշանակվելուց հետո քաղաքի կենտրոնում ձեռք է բերել մի քանի թանկարժեք բնակարան եւ առանձնատուն, ինչը ըստ նրա, եղբայրը չէր կարող իրեն թույլ տալ իր ստացած աշխատավարձով։

Ռուբեն Մկրտումյանը, իր «կոռումպացված» եղբոր նշանակումը անվանել է նախագահի կադրային քաղաքականության ամենախոշոր սխալ։ Նա նաեւ նշել է, որ «անառակ որդուց»՝ Արման Մկրտումյանից դատարանի միջոցով անվանափոխություն եւ ալիմենտ պահանջող իրենց հայրը՝ Յուրի Մկրտումյանը ոչ թե խելագար է, ինչպես նրան նրկայացրել է Վճռաբեկ դատարանի նախագահը, այլ առողջ միտք ունեցող մարդ։

Արման Մկրտումյանը եղբոր խոսքով՝ անսահման իշխանություն ունի բոլոր դատարանների որոշումների վրա, որի անպատժելիությունը հանգեցրել է որոշ դատավորների լկտիության։

«ՀՀ Քրեակատարողական հիմնարկներում քիչ չեն այն բանտարկյալները, որոնք այնտեղ հայտնվել են անհիմն կերպով ՎԴ նախագահի գործունեության հետեւանքով»,- բաց նամակում գրել է Ռուբեն Մկրտումյանը։     

Ռուբեն Մկրտումյանը հերքեց այն լուրերը, որ իր եղբոր ունեցվածքի ձեռքբերման կասկածելի աղբյուրների եւ նրա գործունեության մասին տեղեկություններն ինքն սկսել է տարածել այն ժամանակ, երբ եղբայրը հրաժարվել է միջամտել իր կնոջ հետ կապված դատական գործին։

«Նման բան չկա: Ես կարող էի այս տեղեկությունները տարածել այն ժամանակ, երբ դեռ իմ հայրը, որը երկրորդ կարգի հաշմանդամ է, թոշակառու, դիմել էր դատարան Արմենից ալիմենտ պահանջելու նպատակով: Սակայն, երբ օմբուդսմենը հրապարակեց իր զեկույցը, ես ուզեցի հաստատեմ նրա ասածները, որ Հայաստանում դատական համակարգը կոռումպացված է»,- ասաց Ռուբեն Մկրտումյանը:

Նշենք, որ 2013թ. Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը արդար դատաքննության վերաբերյալ արտահերթ զեկույց էր հրապարակել, որտեղ նշվել էր անգամ դատական կաշառքի սակագները․ առաջին ատյանում այն 500-10.000 ԱՄՆ դոլար է, Վերաքննիչ դատարանում՝ 2.000-15.000, Վճռաբեկում՝ 10.000-50.000: Իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հարազատ եղբայրը՝ մասնագիտությամբ իրավաբան Ռուբեն Մկրտումյանը, որը, իր խոսքերով, զեկույցը կարդալուց հետո որոշել է որպես իրազեկ անձնավորություն որոշ մանրամասներ հաղորդել Արման Մկրտումյանի նյութական առաջխաղացման վերաբերյալ, պնդում է, որ իր եղբոր ունեցվածքը կտրուկ սկսել է ավելանալ՝ սկսած 1999-ից, երբ նա նշանակվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ։