Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դեպի կանաչ տնտեսություն» երրորդ ազգային համաժողովը։ Համաժողովի գլխավոր գործընկերն է Beeline-ը, աջակիցներն են՝ ՄԱԱԶԿ (UN/UNIDO), Գերմանական GIZ կազմակերպությունը, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (OECD)։

Համաժողովի նպատակն է բարձրացնել ՀՀ գործող ընկերությունների իրազեկվածությունը շրջակա միջավայրի պաշտպանության, թափոնների եւ արտանետումների գործընթացների կարգավորման, ռեսուրսախնայողության, ինչպես նաեւ «կանաչ» տնտեսության եւ «կանաչ» ձեռնարկությունների էշելոնի ստեղծման վերաբերյալ:

«Դեպի կանաչ տնտեսություն» երրորդ ազգային համաժողովի ընթացքում քննարկվեցին այնպիսի կարեւոր հարցեր, ինչպիսիք են Հայաստանում կանաչ տնտեսության քաղաքականության խթանման չափորոշիչները, փոքր եւ միջին ձեռնարկություններում «կանաչ» գործունեության խրախուսման ձեւաչափերը եւ հաղթահարման ուղիները։

«Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերը մշտապես գտնվում են Beeline-ի ուշադրության կենտրոնում: Ավելին, ընկերությունում ներդրված կանոնակարգերն ուղղված են շրջական միջավայրի եւ բնական ռեսուրսների պահպանմանը։ Համոզված ենք, որ նման ծրագրերի իրականացումը եւ հետեւողական լինելն օգնում են մարդկանց կյանքը դարձնել ավելի լավը։  Ուրախ ենք, որ օրեցօր Հայաստանում ավելանում է բնապահպանության հարցերին հատուկ ուշադրություն դարձնող ընկերությունների թիվը, քանի որ միջազգային եւ տեղական ընկերությունների փորձի եւ հմտությունների համախմբման միջոցով մենք բոլորս կնպաստենք ապագա սերնդի բարեկեցիկ պայմանների ստեղծման եւ պահպանման գործընթացին», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։    

«ՀԳՀՄ-ն կարեւորում է կանաչ տնտեսության փիլիսոփայության ընկալումը եւ ստեղծումը՝ դարձնելով դրանք կիրառական նշանակության գործառույթներ ՀՀ-ում, մասնավորապես տեսնելու դրանց դրսեւորումները քաղաքականության, հայեցակարգի եւ կանաչ ձեռնարկությունների զարգացման մեջ: Մենք կարեւորում ենք նաեւ ինովատիվ ձեռնարկությունների ստեղծումը, որպես մրցունակ եւ անթափոն արտադրության ստեղծման կարեւոր մեխանիզմ:  Նշված հնարավորությունների սահմաններում գտնել ուղիներ, որոնք կխթանեն ձեռնարկությունների կայուն զարգացումը: Այդ ուղիների մեջ կարեւոր նշանակություն ունի ռեսուրսախնայողությունը եւ էներգոխնայողությունը, աննշան թափոններով կազմակերպությունների ձեւավորումը եւ մենջմենթը: Նշված հիմնախնդիրների լուծման գործում ՀԳՀՄ-ն հիմնվում է միջազգային եւ տեղական լավագույն փորձի վրա: Մասնավորապես խիստ ուսանելի է  Beeline-ի փորձը կանաչ տնտեսության բնագավառում: Որն ունի հստակ ձեւավորված քաղաքականություն եւ գործելաոճ»,-նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Համաժողովին մասնակցում են ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսի, միջազգային եւ տարածաշրջանային կառույցների ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ, տեղական եւ միջազգային կազմակերպություններից հրավիրված փորձագետներ: