Գորիսի բժշկական կենտրոնում հունիսի 23-ին մահացած նորածնի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

«Հունիսի 23-ին «Գորիսի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բնակչուհի Այվազյանը հիվանդանոցի մանկաբարձական բաժանմունքում հունիսի 21-ին ծննդաբերել է աղջիկ երեխա, որը շնչառական անվարարության 2-րդ, 3-րդ աստիճանի, ներարգանդային արյունազեղում, ցնցումային սինդրոմ ախշտորոշմամբ հունիսի 23-ին մահացել է: Քրեական գործ էր հարուցվել Գորիսի քննչական բաժանմունքում: Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություններ:

Ըստ փորձաքննության եզրակացության՝ երեխային տրված ախտորոշումը «Գորիս» ԲԿ-ում եղել է ճիշտ, եւ կատարված հետազոտություններն արվել են բավարար ծավալով: Նորածնին տրված բուժումը համապատասխանել է պարզված ախտորոշմանը եւ եղել են ճիշտ: Բուժօգնություն ցուցաբերելիս՝ թերություններ եւ բացթողումներ չեն եղել: «Գորիս» ԲԿ-ում բուժաշխատողների կողմից նորածնի հետազոտման ախտորոշման, բուժման համար ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, սակայն փրկել նրա կյանքը չի հաջողվել: Ուստիեւ սեպտեմբերի 30-ին քրեական գործով վարույթը կարճվել է բժշկական սխալ չի եղել»,- հայտնեցին կոմիտեից:

Նշենք, որ մահացած նորածնի մայրը՝ Սյուզի Այվազյանը NEWS.am-ին ասել էր, որ իր երեխայի մահվան մեջ մեղավոր է մանկաբույժը՝ Աիդա Հարությունյանը: Սյուզիի խոսքով՝ իրեն հիվանդանոցում չեն ասել, որ երեխան խնդիրներ ունի, ծնվելուց երկու օր անց՝ ամսի 23-ին, առավոտյան ժամը 06:15-ին, բուժքույրն իրենից տակդիր է ուզել, երեխան անհանգիստ է եղել, իրեն չեն թողել ներս մտնել, իսկ արդեն ժամը 07։00-ի մոտ ասել են, որ փոքրիկը մահացել է: Սյուզին վստահեցնում է, որ բուժքույրն է երեխային օգնություն ցուցաբերել, քանի որ մանկաբույժը հիվանդանոցում չի եղել: