Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին եւ ծառատունկին մասնակցել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի, ինչպես նաեւ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպությունների աշխատակիցները, վարչական շրջանների աշխատակազմերը, Երեւանի ավագանու անդամներ, հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների անդամներ, հարյուրավոր կամավորներ:
Վարչական բոլոր շրջաններում առավոտից մեկնարկել եւ շարունակվում են սանմաքրման աշխատանքները, որի ընթացքում հանրային օգտագործման կանաչապատ տասնյակ տարածքներ, այդ թվում՝ բակեր, այգիներ ու պուրակներ, ինչպես նաեւ հասարակական նշանակության կառույցների հարակից տարածքները մաքրվում եւ պատշաճ տեսքի են բերվում:
Ուսանողների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ՊՆ ներկայացուցիչների ուժերով մաքրվում է նաեւ Ծիծեռնակաբերդի տարածքը: Այս եւ մյուս տարածքներում կուտակված աղբը հատուկ մեքենաներով տեղափոխվում է աղբավայր: Շաբաթօրյակին անհրաժեշտ բոլոր պարագաները եւ գործիքները մասնակիցների համար տրամադրել է Երեւանի քաղաքապետարանը:



























