Գործարար Սիլվա Համբարձումյանը պարզաբանել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե աճուրդի հանված իր գույքը գնել է ազգականը եւ կեղծել են աճուրդի փաստաթղթերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սիլվա Համբարձումյանը:

Նա պատմեց, որ ժամանակին երկու տուն էր գնել՝  մեկը մեծ, մյուսը՝ փոքր, որպեսզի հետագայում միացներ իրար: Վաղուց ուզում էր դա վաճառել, սակայն չէր ստացվում, այժմ  ՎՏԲ բանկին ունենալով ֆինանսական պարտավորություն՝ գույքը հանվել է աճուրդի, մեծ բնակարանը գնել են, արդեն սարքում են:

«Եթե իմ անունով կեղծիք լիներ, դա ուրիշ խնդիր է, երկրորդ՝ իմ գույքը ես չեմ կարող գնել, երրորդ այդ գումարը նստած է ԴԱՀԿ-ի հաշվին, իմ գումարն էլ տվել են: Այստեղ որեւէ կեղծիք չկա, որեւէ քրեական գործ չկա, դա որեւէ կապ չունի պետության հետ, այդ գումարը պետք է գնար ՎՏԲ բանկ՝ պարտքը մարելու»,-ասաց Սիլվա Համբարձումյանը՝ հավելելով, որ գործարարին որեւէ մեկը չի զանգել քննչականից:

Նշենք, որ «Հրապարակ» թերթը գրել է, թե գործարար Սիլվա Համբարձումյանը, ում հանրությունը ճանաչում է Լիսկայի հետ տեղի ունեցած միջադեպից, ՎՏԲ բանկի նկատմամբ ֆինանսական պարտավորություն է ունեցել, եւ դատարանը հօգուտ բանկի վճիռ է կայացրել՝ 40 մլն դրամի արգելանք դնելով նրա սեփականություն հանդիսացող գույքի վրա: Ապա այդ գույքը հանվել է աճուրդի, եւ գործարար տիկինը որոշել է «խաբել» պետությանը՝ կեղծել է աճուրդի փաստաթղթերը, որոնց արտաքին տեսքը ԴԱՀԿ աշխատակիցներին կասկածի տեղիք է տվել, եւ գլխավոր հարկադիր կատարողը նյութերն ուղարկել է Քննչական կոմիտե: «Եթե հաստատվի կեղծիքի փաստը, ապա տիկին Համբարձումյանը կենթարկվի քրեական պատասխանատվության: Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի, աճուրդով գույքը «գնողը» գործարարի ազգականներից մեկն է»,-գրել է թերթը: