Նոյեմբերի 8-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին եւ ծառատունկին մասնակցել են բազմաթիվ պետական ու մասնավոր հիմնարկ ձեռնարկությունների, կազմակերպությունների ներկայացուցիչներ, Երեւանի ավագանու անդամներ, ինչպես նաեւ հազարավոր քաղաքացիներ: Վաղ առավոտից Նոր Նորքի հայորդաց տան հարեւանությամբ գտնվող տարածքում ընթացող ծառատունկին որդիների հետ միասին միացել է նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ավելի կանաչ Երեւան ունենալու ցանկությունը համախմբել էր բոլորին: Համաքաղաքային ծառատունկի ընթացքում այս տարածքը եւս համալրվեց նոր տնկիներով: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երեւանի քաղաքապետը մեկ անգամ եւս ընդգծել է, որ, որպես ծրագրային առաջնահերթություն, քաղաքապետարանի կողմից իսկապես կարեւորված է մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների վերականգնումն ու ընդլայնումը, որոնց ուղղությամբ վերջին տարիներին զգալի աշխատանքներ են տարվել.

«Այսօր մայրաքաղաքում համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում մենք, ինչպես եւ նախատեսել էինք, նաեւ աշնանային ծառատունկ ենք իրականացնում, որին մասնակցում եմ որդիներիս հետ միասին: Ընդհանուր առմամբ, ծառատունկի շրջանակում նախատեսել ենք շուրջ 20 հազար ծառ եւ 5000 թուփ տնկել: Եթե հիշում եք, գարնանային ծառատունկին մենք 40 հազար ծառ արդեն տնկել էինք: Մայրաքաղաքի կանաչ տարածքների ավելացմանն ուղղված վերջին տարիների մեր որդեգրած քաղաքականությունը հստակ է. յուրաքանչյուր տարի հնարավորինս ավելացնել Երեւանի կանաչ մակերեսի ծավալները: Ըստ այդմ, եթե 2011թ.-ին, օրինակ, մայրաքաղաքի կանաչ տարածքներն ընդլայնվել են 3, ապա այս տարի՝ 5 հեկտարով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը հավելելով, որ, այգիների ու բակերի բարեկարգմանը զուգահեռ, հստակ խնդիր է դրվել նշված տարածքներում եւս հնարավորինս ընդլայնել հարակից կանաչ գոտիները: «Ուզում եմ հատկապես ընդգծել, որ բակային տարածքների բարեկարգման մեր ծրագրում, որպես պարտադիր բաղադրիչ, առանձնակի կարեւորվում է կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը: Նաեւ տնտեսվարողների համար են սահմանված համապատասխան նորմերը, ըստ որի, հարակից տարածքների բարեկարգումը, կանաչապատումը եւ այդ տարածքների խնամքը պարտադիր պայման է բոլորի համար: Կանաչ տարածքների խնամքը ապահովելու նպատակով մեր ծրագրերում յուրաքանչյուր տարի ներառվում է նաեւ ոռոգման ցանցի ընդլայնումը: Այս տարի, օրինակ, այն ավելացել է եւս 22 կիլոմետրով»,- նշել է քաղաքապետը:

Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան էլ, թե ի՞նչ նշանակություն ունի ծառատունկը անձամբ Տարոն Մարգարյան մարդու եւ քաղաքապետի համար, քաղաքապետը պատասխանել է. «Ասում են՝ յուրաքանչյուր տղամարդ պետք է ծառ տնկի, տուն կառուցի եւ որդի ունենա: Անշուշտ, ճիշտ է ասված, միայն թե այդքանով մեր գործը չի ավարտվում: Յուրաքանչյուր տղամարդ պետք է նաեւ թեւ ու թիկունք լինի իր զավակներին, պահի ու պահպանի իր տունը եւ խնամի սեփական ձեռքերով տնկած ծառը: Այսօր համաքաղաքային ծառատունկին ես կոչ եմ անում մեր բոլոր համաքաղաքացիներին գոնե մեկ ծառ տնկել, եթե ոչ սեփական բարօրության, ապա մեր զավակների համար: Ի վերջո, Երեւանը մեր բոլորի տունն է, եւ միայն համատեղ ուժերով մենք կարող ենք ավելի կանաչ ու մաքուր Երեւան փոխանցել մեր գալիք սերունդներին»:

Այնուհետ, զրուցելով ծառատունկի մասնակիցների հետ, Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ Երեւանի նկատմամբ իրենց սերն ու հոգատար վերաբերմունքը ցուցաբերելու համար: